▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փող՝ հողի դիմաց․ Ավինյանը տները կորցրած շուռնուխցիներին գործարք է առաջարկել

Կապանում տեղի է ունեցել Սյունիքի մարզի խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի խորհրդակցությունը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել բնակիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերին ու լուծումներին, այդ թվում՝ տների կառուցման, սոցիալական աջակցության տրամադրման ու անվտանգության ապահովման միջոցառումներին, գյուղատնտեսական աշխատանքների և բնակչության պաշտպանության կազմակերպմանը։

Նշենք, որ «Հրապարակ» թերթը, թեմային անդրադառնալով, այսօր  գրել էր.  «Փոխվարչապետ Ավինյանը, ինչպես հայտնի է, գործուղվել է Սյունիք։ Կապանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ մարզի համայնքների ղեկավարների հետ պետք է հանդիպում տեղի ունենար Կապանում, սակայն համայնքների ղեկավարները բոյկոտել են հանդիպումը՝ ոչ ոք չի ներկայացել։ Ավինյանն այցելել է Շուռնուխ և Որոտան, որտեղ բնակիչների հետ զրույց է տեղի ունեցել։ Մարդիկ դժգոհել են կառավարության անտարբերությունից, մեղադրել անգործության մեջ։

Իշխանության ապիկար քաղաքականության պատճառով իրենց տները թշնամուն հանձնած գյուղացիներին փոխվարչապետը վստահեցրել է, որ նոր տներ կկառուցվեն։ Թեև այս խոստումը տևական ժամանակ է՝ հնչում է իշխանական ներկայացուցիչների կողմից, ովքեր պարբերաբար պետական միջոցներով գործուղվում են Սյունիք և սահմանամերձ գյուղեր, փաստը մնում է փաստ, որ այդ խոստումների արդյունքը դեռ զրո է։

Անգամ ֆեյքերի ՊՈԱԿ-ն էր այդ մասին տեսանյութ պատրաստել, որտեղ կրկին հայտարարվել է, թե Սյունիքում իրենց տները կորցրած բնակիչների համար տներ կկառուցվեն, սակայն մինչ օրս ոչ մի գործնական քայլ չկա, ամեն ինչ սահմանափակվում է հայտարարությունների մակարդակում։

Ժամանակ առ ժամանակ հանրության դժգոհությունը զսպելու համար հերթական պաշտոնյան է գործուղվում մարզ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ փաստաթղթի հետևանքները մեղմացնելու ժամանակավոր լուծումներ առաջարկի։ Այս անգամ Ավինյանի հերթն է՝ խոստումներ տալու։

Փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում նաև գրառում է կատարել՝ նշելով, որ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։

Ավինյանի այցից պարզ է դառնում, որ բնակիչների հետ ամենակարճ ճանապարհը Փաշինյանի համար ոչ թե սահմանազատման հարցերն են, ոչ թե հօգուտ Սյունիքի՝ թշնամու հետ բանակցելն է ու թշնամուն հայկական գյուղերից քշելը, այլ ունեզրկված գյուղացուն փողով ժամանակավոր լռեցնելը։

Մենք զրուցեցինք Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ, նա հաստատեց, որ Ավինյանը փորձել է հանդիպել համայնքապետերի հետ, սակայն ինքը չի հանդիպել։ Հարցրինք՝ ճի՞շտ է, որ համայնքապետերը բոյկոտել են հանդիպումը, Փարսյանը կրկին պատասխանեց․ «Մենք չենք հանդիպել»»,-գրել է թերթը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին