Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։ Այս մասին գրում է Hetq.am կայքը, որն անդրադարձել է փոխնախարար Ավանեսյանին և իր գործունեությանը:
![]()
Կայքը գրում է. «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը:
Փոխնախարարն այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում:
Անահիտ Ավանեսյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018թ․ մայիսին։ Մինչ այդ նա դարձյալ աշխատել է առողջապահության ոլորտում: Մասնավորապես, 2015թ., ապա նաև՝ 2016-2017թթ. եղել է «Արֆարմացիա» դեղագործական ընկերության գլխավոր տնօրենը: 2017-2018թթ., մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, Անահիտ Ավանեսյանը եղել է նաև «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը։
Պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Ավանեսյանն ունեցել է 4 անշարժ գույք՝ բնակարան, ամառանոց, հողամաս և ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, ինչպես նաև՝ «FORD FIESTA 1.4 I» մակնիշի ավտոմեքենա։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը 2018թ., նախքան պաշտոնը ստանձնելը, ունեցել է 1 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որից 4 մլն դրամ եկամուտ է ստացել, իսկ դրանից հետո՝ արդեն պաշտոնավարման ժամանակ, այդ շահաբաժնից ստացած տարեկան եկամուտը կազմել է 12,6 մլն դրամ:
Անահիտ Ավանեսյանը data.hetq.am-ին հայտնել է, որ նշված եկամուտն ինքը ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ–ի 50% բաժնետոմսերից։ Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․ ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաև Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը և մայրը՝ Մարգուշ Վարդանյանը:
2018թ. մայիսից մինչև 2019թ. փոխնախարարը ստացել է 3,9 մլն դրամ աշխատավարձ։
Փոխնախարարին կապակցված ընկերությունը հաղթում է պետական գնումներում:
Նյութն ամբողջությամբ `սկզբնաղբյուր կայքում


