▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին իրեն «քցված» է զգում

Վճարովի կայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշումը սպառնում է բողոքի ևս մեկ ալիք բարձրացնել: Այստեղ հարցը ոչ այդքան վճարովի՝ առավել ժամանակակից ծառայությունների մատուցման հարցն է, որքան համակարգի ներդրման ընթացքում նկատվող անհասկանալի մոտեցումները:
Սկսենք նրանից, որ, որպես կանոն, ուղղակի հայտարարվում է նախաձեռնության մասին, սակայն պատկան մարմինները ոչինչ չեն ասում դրանց նպատակների, ծրագրի իրականացման անհրաժեշտության, սակագների հիմնավորման մասին: Ինչ վերաբերում է հանրային իրազեկման հարցին, ապա չնայած թեման տեսանելի է լրահոսում և սոցցանցերում, սակայն նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը բավականին աղքատիկ է և զուտ ինֆորմացիոն բնույթ ունի:
Հայտարարություններ հնչեցին այն մասին, որ համակարգի ներդրումը գալիս է փոխարինելու «պառկովչիկների անօրինական ինստիտուտին»: Ստացվում է, որ տարիներ շարունակ «պառկովչիկները» վարորդներից ապօրինաբար գումարներ են շորթել, սակայն ոչ մեկ դրա համար չի պատժվել:

Հարկային տեսչությունը մի քանի հազար դրամի համար կրպակատերերի նկատմամբ այնպիսի տուգանքներ է կիրառում, որ նրանց գործունեությունն այդուհետ ուղղակի անիմաստ է դառնում, իսկ այն, որ տարիներ շարունակ Երևանում ինչ-որ շրջանակներ դրամաշորթություն են իրականացնում, «վրիպում» է համապատասխան կառույցների ամենատես աչքից:
Միամտություն կլինի ասել, թե «պառկովչիկների ինստիտուտը» ձևավորվել է ինքնաբուխ, և հավաքված գումարները գնացել են հենց «պառկովչիկների» գրպանը: Հայտնի է, որ նրանց հետևում մշտապես կանգնած են եղել ուժեր, որոնք բավականին մեծ գումարների են տիրապետել:

Մի քանի խոսք ծառայության սակագների մասին. Ինչո՞ւ է որոշվել ավտոկայանատեղերի համար գանձել հենց այդքան գումար, ի՞նչ հաշվարկներ են իրականացվել և ո՞րն է ձևավորված սակագնի հիմնավորումը: Իհարկե, պատկան կառույցները կասեն, որ 21-րդ դարը պահանջում է նոր մոտեցումներ, ժամանակակից համակարգերի ներդրում և որ աշխարհի շատ զարգացած պետություններում նման ծառայություններ են ներդրված:
Սակայն այստեղ հարց է առաջանում. արդյոք սակագների հարցը որոշելիս` հաշվի առնվե՞լ է երկրի սոցիալ տնտեսական վիճակը, մարդկանց վճարունակությունը, թե շատ այլ ծրագրերի նման` մեխանիկորեն, ինքնանպատակ ներդրվել է:

Քաղաքաքապետարանը, համապատասխան ընկերության հետ ծրագիր իրականացնելիս, պետք է առաջնհերթ կարգով մեկ հիմնական հարցի պատասխանը գտնի. արդյոք նոր համակարգի ներդրմամբ` որակյալ ծառայություն կմատուցվի՞ երևանցուն և արդյոք դրանով կհեշտացվի նրա կյանքը: Մնացած հարցերն արդեն երկրորդական է:
Հ.Գ. Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպե՞ս է քաղաքապետարանն ընտրություն կատարել` ծրագիրն իրականացնող ընկերությունների հարցում (կամ արդյոք եղե՞լ է ընտրության հնարավորություն) կամ ի՞նչ է առաջարկել այս ծրագրի նախաձեռնությամբ հանդես եկող ընկերությունը, որը հիմք է դարձել վերջինիս համար նման շահավետ բիզնես պրոյեկտ իրականացնելու համար:

Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին