Քաղաքացին տուգանվող օբյեկտի կարգավիճակից պետք է ձերբազատվի, այսօր կառավարության նիստին՝ օրակարգը սպառվելուց հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետությունն ունի բավարար մեխանիզմներ կարգը պահպանելու համար։ Խնդրի փիլիսոփայությունը պետք է փոխենք, մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու, կներեք էս բառիս համար, մատերիալ չէ։ Առավոտը տանից դուրս է գալիս, ասում ենք՝ «որտեղ բռնենք, տուգանելու ենք»․ էս փիլիսոփայությունը պետք է փոխվի, և դա չպետք է հակադրել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին»,- ասաց վարչապետը՝ շարունակելով.
«Որևէ բան չպետք է կիրառվի ընդդեմ քաղաքացիների և ամեն ինչ պետք է լինի հանուն քաղաքացու։ Մենք պետք է տուգանքների չափերի և ընթացակարգերի հետ կապված օրենսդրական փոփոխություններ պատրաստենք, որպեսզի այս հարցում ունենանք լրջագույն փոփոխություն։ Քաղաքացիները պետք է այդ անարդարության զգացումը թոթափեն»։
Իսկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, ասաց, որ Արդարադատության նախարարությունն արդեն e-draft.am կայքում տեղադրել է վարչական տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծ, և առաջիկայում, երբ լրանան ժամկետները, այն կներկայացվի կառավարություն՝ հաստատման, որպեսզի օրինագիծը գնա Ազգային ժողով։
«Մենք առաջարկում ենք մշակել հայեցակարգ, թե ինչ լուծումներ ենք առաջարկում այս ոլորտում: Դրանցից առաջինը պետք է լինի այն, որ ճանապարհային երթևեկության կանոնները պետք է հաստատվեն Ազգային ժողովի կողմից օրենքով, և դրանցից ածանցվող մնացած բոլոր փոփոխությունները»,- ասաց Զեյնալյանը։
Վարչապետի հարցին, թե ո՞ր օրվա դրությամբ են առաջարկում համաներում իրականացնել, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց.
«Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը և վերջին իրադարձությունների ընթացքում ապրիլ ամսվա այս կտրվածքը, բայց թույլ տանք մնա հունվարի 1-ից մինչև առ այսօր, ապրիլի իրադարձությունների այդ օրերը հանենք՝ հավաքներ, երթեր»։
Փաշինյանը նշեց, որ այդ հարցը կքննարկվի նաև կառավարությունում։
Հիշեցնենք, երեկ ոստիկանությունը հաղորդեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո մշակել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում վարչարարության փոփոխություն: Մի շարք խախտումներ կատարելու դեպքում վարորդներն այլևս չեն տուգանվի: Լինելու են նաև դեպքեր, երբ իրավախախտ վարորդը ոչ թե կտուգանվի, այլ պարզապես կզգուշացվի՝ ճանապարհային ոստիկանի հայեցողությամբ: Հանրապետության որոշ փողոցներում դադարեցվելու է նաև արագաչափերի գործունեությունը:
2012-2017 ընթացքում չմուծված տուգանքների համար ՃՈ-ն համաներում է նախատեսում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր դիտողություններն ու հանձնարարականները կառավարության նիստում՝ տեսանյութում: