Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը ավարտվեց: Այն տեւեց 5 ժամ: Նախ սենյակից դուրս եկան հանձնաժողովի անդամները, իսկ ապա նաեւ Սերժ Սարգսյանը:
Լրագրողների հարցերին, թե ի՞նչ հարցեր էին հիմնականում տալիս իրեն, Սարգսյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ ինձ ուշադիր լսել եւ չընդհատել: Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց:
Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին: Ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կարող են սպրդել, այլ այն պարզ պատճառով, որ դրանք այնքան կարեւոր իրադարձություն էին, որ ոտքի վրա, իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, որը ես եմ հետապնդում: Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք՝ ես նկատի ունեմ զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը հաղթել է, հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում»:
Դիտեք նաև՝