«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական մեքենայությունների, կոռուպցիոն գործարքների մասին փաստերը ՌԴ կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունն արդեն ուղարկել է ՌԴ համապատասխան մարմիններին, այդ թվում` ՌԴ Նախագահ Պուտինին»,- գրում է «Ժամանակ» թերթը` հավելելով, որ փաստաթղթերի մի մասի արդյունքում ՌԴ գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի Ռ.Քոչարյանի անվան հետ:
Թերթի տեղեկացմամբ` դատախազության վարույթում հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր` խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում նրա մասնակցության վերաբերյալ:
Թղթակիցը զրուցել է ՌԴ կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոյի հետ, ով տեղեկացրել է, որ իրենք դեռևս սպասում են ՌԴ դատախազության պատասխանին` արդյոք ներկայացված փաստերին ընթացք կտրվի, թե` ոչ: