▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել

«Հրապարակ»-ը գրում է. «Արագածոտնի մարզպետարանը «Շինէքսպրտ» ՍՊԸ-ի հետ մանկապարտեզների շինարարության ընթացքի վերահսկման 5 պայմանագիր է կնքել։

Դրանք կնքվել են նույն օրը՝ մայիսի 5-ին, առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով, ընդհանուր՝ մոտ 7 մլն դրամ արժեքով։

«Շինէքսպրտ» ընկերությունը 2010-ին հիմնադրել է ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որը 2016-ից Վանաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետն է։ Պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց՝ 2017-ին, Աբովյանը դուրս է եկել «Շինէքսպրտ» ընկերության կառավարումից, ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է ընկերության աշխատակիցներին, սակայն ընկերությունում առանց նրա իմացության ոչինչ տեղի չի ունենում:

Այս ընկերությունը, հատկապես Փաշինյանի իշխանության օրոք, Վանաձորի քաղաքապետարանի պատվերով իրականացնում է մանկապարտեզների շինարարության հեղինակային հսկողությունը։ Այժմ ընկերությունն ընդլայնել է աշխարհագրությունը և հսկողության ծառայություններ է մատուցում նաև Արագածոտնի մարզում։

Նկատենք, որ մինչ նշված 5 խոշոր պայմանագրերի կնքումը, նախկինում մարզպետարանն այս ընկերության հետ որևէ պայմանագիր չի կնքել։

Սուրեն Աբովյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձան նրա քաղաքական հայացքները։ Նա ակտիվորեն կիսվում է ՔՊ-ական մարզպետ Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակումներով, այլ ՔՊ-ականների տեղադրած նյութերով։ Նաև ակտիվ է` տարբեր գրառումների տակ ՔՊ-ին սատարող մեկնաբանություններ է գրում»:

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին