▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ն դատի է տվել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի գրառումը․ «Երևի հիշում եք հուլիսին հրապարակված (ձայնագրություններով) հետաքննությունը` ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Այդ հետաքննության մասով ՔՊ-ն դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»` պահանջելով հերքում ու մեկ միլիոն դրամի բարոյական վնասի հատուցում։
Դա նորմալ է, ՀՀԿ-ն էլ էր մեզ դատի տվել, սովոր ենք։ Բայց ՔՊ-ն ՀՀԿ-ին անցավ, քանի որ դատարանից խնդրեց որպես հայցի ապահովման միջոց մեկ միլիոն դրամ սառեցնել մեր հաշվեհամարներին` դրանով իսկ մանր վատություն անելով մեզ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սա (մեկ միլիոն դրամ սառեցնելը) համարում է իշխող կուսակցության կողմից իր համար անցանկալի քննադատություն իրականացնող ՀԿ-ին պատժելու դրսևորում, քանի որ դա կապ չունի դատարանում ճշմարտությունը վեր հանելու հետ։
Հ.Գ. Դատական գործը մենք հաղթելու ենք, քանի որ ՔՊ-ին չենք զրպարտել։ Վիճարկելու ենք նաև հաշիվների սառեցումը, քանի որ դա հակասում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշմանը»։

Հավելենք, որ այս առիթով լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ. «Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով պատասխանողի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդության բավարարման վերաբերյալ։ Իսկ հայցի առիթը վերոհիշյալ կայքում ս․ թ․ հուլիսի 21-ին հրապարակված՝ «ՔՊ-ն այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով ձայն է հավաքում Ավինյանի համար» նյութն է։ Դրանում փորձ է արվում բացահայտել, թե ինչպես է կուսակցությունը Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի միջոցով կազմակերպում, որպեսզի տեղի բնակիչների երևանցի ազգականներն ու բարեկամները մայրաքաղաքի ավագանու գալիք ընտրություններում քվեարկեն ՔՊ-ի օգտին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդեմ լրատվամիջոցների հիմնադիրների հայց ներկայացնելիս նաև միջնորդում են, որ դատարանը պատասխանողի գույքի և/կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնի։ Նմանատիպ դեպքի առնչությամբ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ նաև մայիսի 12-ին՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով։

ԶԼՄ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելն ինքնին լրացուցիչ ճնշում գործադրելու և խմբագրության հետ «հաշիվ մաքրելու» փորձ է, ինչն անթույլատրելի է և հակասում է միջազգային նորմերին ու պրակտիկային։ Բայց առավել անընդունելի է, երբ դատարանները բավարարում են լրատվամիջոցների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու այդ միջնորդությունները։ Այդպիսի անհիմն որոշումները խաթարում են խմբագրությունների բնականոն գործունեությունը։ Մինչդեռ դատարանները պետք է դա թույլ չտան, ինչպես նաև հակազդեն հայցվորների՝ դատական մեխանիզմները որպես ԶԼՄ-ների նկատմամբ «պատժիչ գործիք» կիրառելու փորձերին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք․

- Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ վերացնել «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու որոշումը և հետ կանչել ԴԱՀԿ-ին ուղարկած կատարողական թերթը,
- Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ դրսևորելով քաղաքական լայնախոհություն և հանդուրժողականություն՝ հրաժարվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունից և դատական գործում կենտրոնանալ բուն տեղեկատվական վեճի վրա:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին