Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավորները խմբակցության նիստ են արել, որին մասնակցել է նաև դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, և քննարկել են առաջիկա անելիքները, հատկապես՝ սեպտեմբերի 12-ին մեկնարկելիք Ազգային ժողովի նիստերին մասնակցության ձևաչափը: Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման սկսվելուց ի վեր ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ աշխատանքները, նրանց նկատմամբ բացակայությունների հիմքով մանդատազրկման գործընթաց ձեռնարկվեց, որը տապալվեց: Ապա նրանք հայտարարեցին, որ խորհրդարան կվերադառնան միայն սեփական օրակարգով, ինչը նշանակում է, որ նախկինի պես չեն մասնակցի ԱԺ լիագումար և մշտական հանձնաժողովների նիստերին, քվեարկություններին, այլ սեփական օրակարգով խորհրդարանական լսումներ ու արտահերթ նիստեր կհրավիրեն և այլն։ Գրել էինք նաև, թե դաշինքում բոլորը չէ, որ կիսում են խորհրդարանական աշխատանքները մերժելու գաղափարը, ինչի արդյունքում էլ երեկվա հանդիպումն անցել է բավականին ծանր ու լարված մթնոլորտում։ Ինքը՝ երկրորդ նախագահը, կողմ է եղել, որ վերադառնան խորհրդարան՝ իհարկե, փոխելով աշխատաոճը և ավելի ռադիկալ խրամատում դիրքավորվելով: Որպեսզի այլևս օրենսդրական անկարևոր նախաձեռնություններին «ջանուջիգյար» քննարկումներ չլինեն, բայց նաև թույլ չտան ՔՊ-ին, որ անաղմուկ ինչ ուզի` առանց դիմադրության սղղացնի։ Բացի այդ, ներկայացրել է իր տեղեկություններն ու վերլուծությունը, որ եթե իշխող մեծամասնությունն առաջին անգամ ընկրկեց միջազգային կառույցների ճնշումներին և մանդատից զրկելու գործընթացն ավարտին չհասցրեց, ապա այս տարեվերջին՝ հերթական նստաշրջանի ավարտից հետո, բացակայությունների հիմքով կրկին մանդատազրկման գործընթաց կսկսի և այս անգամ որևէ մեկին չի խնայի: Այժմ հաստատապես կունենա միջազգային կառույցների, մասնավորապես՝ Արևմուտքի աջակցությունը։ Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է, որ իրենց մանդատներից զրկելուց հետո ցուցակի հաջորդ համարները կմտնեն խորհրդարան, և գովելով ներկաներին՝ ասել է, որ նրանք քաղաքականապես ավելի հասուն են, ավելի պատրաստ, իսկ պայքարի վճռական փուլում իրենց տեղը կզիջեն ավելի անպատրաստ ու ոչ հասուն զանգվածին, ինչը հղի է տարբեր վտանգներով։ Սակայն երկրորդ նախագահի հետ «Հայաստան» դաշինքում ոչ բոլորն են համաձայն եղել, մեծ մասը սվիններով է ընդունել խորհրդարան վերադառնալու հորդորները։ Խորհրդարան վերադառնալու կողմնակիցների թվում են եղել Գեղամ Նազարյանը, Արթուր Խաչատրյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդևանյանը ու ևս մի քանի պատգամավոր: Ոմանք այնքան էլ կատեգորիկ դեմ չեն եղել, դիցուք՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անշառ դիրք է բռնել, ասելով՝ խմբակցությունը ոնց որոշի, իր համար ընդունելի է, սակայն չի բացառվում, որ ինքը խորհրդարան չհաճախի: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ, որպես երկարամյա պառլամենտական, ասել է, որ ռեալ պոլիտիկը պահանջում է գնալ նիստերին, սակայն ինքը հակված է չմասնակցելու, քանի որ մարդկային փոխհարաբերություններն այնպես չեն դասավորվել, որ խաղաղ համակեցություն հնարավոր լինի ապահովել։ Նկատենք, որ ՀՅԴ-ն այս հարցում երկու թևի է բաժանվել, խորհրդարանական աշխատանքները բոյկոտելու ակտիվ ջատագովներից են Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, ինչպես նաև՝ Վահե Հակոբյանը։ Մեր աղբյուրի կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավորների միջև ոչ թե գաղափարական տարաձայնություն է եղել, այլ քաղաքականության և մարդկային զգացմունքների բախում, և շատերի համար դժվար է եղել հաշտվել նահանջի հետ: Նախ՝ որովհետև տարբեր հայտարարություններ են արել իշխանության ու ՔՊ-ական պատգամավորների մասին, ինչպես նաև խորհրդարան չվերադառնալու խոստումներ են տվել: Ոմանք առարկել են, թե հասարակությունը չի ների իրենց և կդիտարկի իշխանության պրոյեկտ, բացի այդ՝ ինչպե՞ս կարող են ՔՊ-ականների հետ նույն դահլիճում նստել: Ոմանք էլ ասել են, թե վերադառնալու դեպքում ավելի շատ են լինելու կոնֆլիկտները, իշխանականները վրեժխնդրորեն են տրամադրված իրենց հանդեպ, և ամեն օր տուրուդմփոց է լինելու, ոչ թե խորհրդարանական աշխատանք։ Առաջարկ է հնչել` միայն քվեարկություններին մասնակցել, որ մանդատներից չզրկվեն, սակայն մեծամասնությունը մերժել է։ Եթե ամփոփենք, ապա Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվել համոզել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ վերադառնալ խորհրդարան: Սրա մասին է վկայում նաև փաստը, որ վերջնական որոշում չի կայացվել, և հայտարարություն էլ չտարածեցին: Քոչարյանը հույս ունի, որ պատգամավորները նորից կմտածեն իր ասածների ուղղությամբ, ռեալ կգնահատեն իրավիճակը, սակայն դաշինքի մեր աղբյուրի համոզմամբ՝ պատգամավորներն արմատական են տրամադրված, և, ամենայն հավանականությամբ, կլինի հայտարարություն այն մասին, որ վերահաստատում են իրենց նախկին որոշումը՝ խորհրդարան միայն սեփական օրակարգով գնալու մասին, կամ էլ չի բացառվում, որ ընտրեն այլ տարբերակ՝ հայտարարություն չեն անի, և կախված իրավիճակից՝ գուցե ինչ-ինչ զարգացումներ լինեն, և խնդիրն ինքնըստինքյան լուծվի․ ԱԺ գնալու անհրաժեշտություն ծագի, և ոմանք հասկանան, որ գնալն է ճիշտը։ Մյուս կողմից՝ կա ստվար զանգված, որը չի հավատում, թե ՔՊ-ն մանդատներից զրկելու գործընթաց կսկսի: Դաշինքից ասացին նաև, որ որևէ պատգամավոր վայր չի դնի մանդատը, եթե, իհարկե, իշխանությունը ֆորս-մաժոր չստեղծի տվյալ պատգամավորի համար։ Քննարկել են նաև փողոցային պայքարի հարցը և արձանագրել, որ այս պահին ռեսուրս չունեն Դիմադրության շարժման գրաֆիկը՝ ամենօրյա ակցիաները, երթերը, փողոց փակելը կրկնելու։ Թեև պարբերաբար հանրահավաքներ կլինեն»։ Մանրամասները՝ թերթի համարում: Դիտեք նաև՝
|