Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու․ այն կհրապարակվի դեկտեմբերի 7–ին՝ ժամը 16։00-ին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Ըստ Ալումյանի՝ ուրբաթ օրը դատարանը կա՛մ որոշում կկայացնի դիմել Սահմանադրական դատարան, կամ էլ կալանավորել Քոչարյանին կամ ազատ արձակել: Ալումյանը նշեց, որ բոլոր միջնորդությունները և ապացույցները ներկայացված են, և ինչ հարց կար քննարկելու, բոլորը քննարկված են:

Նշենք, որ արդեն 5-րդ օրն է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:
Պաշտոնաթող նախագահն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:


