Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող նիստը, որտեղ քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը` հետաձգվեց մինչև առավոտյան 11.00-ն: Այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը պատշաճ ծանուցում կստանա ՀՔԾ-ի կողմից:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատականի նիստին չի ներկայացել, քանի որ դեռևս ծանուցում չի ստացել:
Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը վստահեցնում է՝ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա դատարան: «Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա, ուղղակի հարկավոր է պատշաճ կերպով ծանուցել: Նա չի ստացել ծանուցագիր: Մեզանից ոչ ոք չի կասկածում, որ նա կներկայանա, եւ վաղը դուք դրանում կհամոզվեք: Նա այն մարդը չի, որ խուսափի, եւ երկրորդ, եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա, կապրեր արտերկրում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Նիստը հետաձգվել էր 2 ժամով‚ որպեսզի ծանուցում ստանար Ռոբերտ Քոչարյանը: Սակայն նա այդպես էլ չներկայացավ դատարան:

Կարդացեք նաև՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ
Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում
37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին
Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում


