«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայրենիքի փրկության շարժման ներսում խմորումները շարունակվում են։ Անգամ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են հակադիր տեսակետներ հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ՀՓՇ վերջին հանդիպման ժամանակ Քոչարյանն ասել է, որ պետք է գնալ ընտրությունների ցանկացած պարագայում, սակայն Սերժ Սարգսյանը կտրականապես մերժել է մասնակցության թեզը։
Եթե Քոչարյանն ասում է, որ պետք է շարունակել փողոցային պայքարը, ապա Սարգսյանը պնդում է, թե այն անարդյունք է։ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընդհանրապես անվստահություն կա, ու այսպես շարունակ: Մենք տեղեկացանք, որ նրանց վերջին հանդիպման ժամանակ տարաձայնություններն ավելի ակնհայտ են դարձել, երբ Քոչարյանը պնդել է, թե պետք է միասնական գնալ ընտրությունների, սակայն Սարգսյանն ասել է, թե ինքը նպատակահարմար չի համարում անգամ ընտրությունների գնալ այս պահին:
Սա պատճառ է դարձել, որ ընդդիմության լիդերները արդեն միմյանց հետ հանդիպում են առանձին-առանձին՝ միմյանցից պարզելու, թե ով ինչ նպատակ ունի: Սերժ Սարգսյանը այդ գաղտնի հանդիպումների ժամանակ որեւէ հստակ բան չի ասել. մեկ հայտարարել է, որ չի մասնակցելու, իսկ վերջին օրերին բացատրում է, թե կուսակցությունն է համոզում գնալ ընտրապայքարի, ու որեւէ մեկը չի կարողանում Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ է հետապնդում իրականում: Այս պահին միայն ընդդիմության լիդերներից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է տեղեկացրել, որ ինքը միայնակ է գնում՝ առանց որեւէ դաշինքի:
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը դեռ մտորումների մեջ է. միայն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին, իսկ ՀՅԴ-ն եւ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե վերջնական են որոշել միասին ընտրությունների գնալ «Քոչարյան» դաշինքով:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում