Ինչպես գրում է ռուսական REX գործակալությունը, Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը: Մասնավորապես, որոշում է կայացվել փոփոխություններ կատարել համաձայնագրի 4-րդ հոդվածում՝ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրելով ժամանակավորապես գտնվել տվյալ երկրների սահմաններում 180 օրից 150 օրվա ընթացքում։
Այսպիսով ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների համար փաստացի դադարեցվում է Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգը, ըստ որի մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանային ՌԴ տարածքում մնալ ոչ ավելի, քան 90 օր և երկիրն էլ լքելուց հետո կկարողանային վերադառնալ միայն 180 օր հետո:
Ինչպես հիշում եք վերջերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի քաղաքացիների համար այս օրենքը:
Փաստորեն, ստացվում է այնպես, որ Ռուսաստանն իրոք վերանայում է այս օրենքը Հայաստանի համար: Մարդ նույնիսկ չգիտի ուրախանա, թե տխրի, и смех и грех. Ինչ ասեմ, կարելի է շնորհակալություն հայտնել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյային, որ կարողացավ լուծել այս հարցը և այժմ մեր բազմահազարավոր քաղաքացիների համար ավելի հեշտ կլինի մեկնել արտագնա աշխատանքի և ծայրը-ծայրին հոգալ իրենց ընտանիքների կարիքները:
Տեսեք, անկախ դրա դրդապատճառներից և հանգամանքներից, կարելի է արձանագրել, որ «մերոնք» կարողացան լուծել այս հարցը ռուսների հետ, հիմա դա եղավ Արթուր Բաղդասարյանի շնորհքի կամ էլ շարմի միջոցով, թե լուծվեց ավելի բարձր էշելոններում հարցի միանգամայն այլ կողմն է:
Այնպես որ ևս մեկ անգամ հայտնենք մեր «գոհունակությունը» մեր իշանաություններից, սակայն չնշել չեմ կարող, որ ցավը նրանում է, որ մարդ պետք է շնորհակալություն հայտնի իր երկրի պաշտոնյայից, ով իր բազմահազարավոր քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրը լուծում է օտարերկրյա պետությունում «աշխատանքի տեղավորելով»: