«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը։
1. Ալենը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրում գրել է ոչ այն մեքենան, որն ունեցել է պաշտոնը ստանձնելիս, այլ ավելի թանկ մեքենա, որը ձեռք է բերել պաշտոնը ունենալու օրոք։ Սա արդեն հանցագործություն է, որը, ենթադրաբար, արվել է, որ մարդիկ չիմանան, որ թանկանոց մեքենան Ալենը ձեռք է բերել պաշտոնավարման ժամանակ ու չհարցնեն, թե որտեղի՞ց։
2. Ալենը պնդում է, որ մեքենաների գնի տարբերությունը վարկով է վճարել, բայց այդ ընթացքում իր վարկերը չեն ավելացել։
3. Հետաքննությունում ասվում է, որ Ալենի հնարավոր ապօրինի հարստացման չափը մոտ 7 միլիոն դրամ է։ Ալենը դա նվազեցնում է մինչև մոտ 10 հազար դոլար, որ, երևի, գումարը պակաս լինի ապօրինի հարստացման քրեական շեմից (5 միլիոն դրամ)։ Հենց այս պատճառով է Ալենը շարունակում գաղտնի պահել հին մեքենայի վաճառքի արժեքը։
Ալենի գրառումը ևս մեկ անգամ վկայում է, որ ինքը չի կարողանում բացատրել, թե որտեղի՞ց իրեն Mitsubishi-ի ու Range Rover-ի գնի տարբերությունը և հիմնավորել այդ եկամուտի օրինականությունը (հետաքննությունում հիմնավորվել է, որ խնայողություններից չի)։
Այս ամենի մասին Ալենը պետք է պատմի ոչ միայն հանրությանը, այլև` քննիչին։ Բայց հանրությանը պատմելիս` թող մանիպուլյացիաների չդիմի՝ չարաշահելով ապօրինի հարստացման մասին հանրության իրավական գիտելիքների բացակայությունը»:
Կարդացեք նաև՝ «Ալեն Սիմոնյանն ակնհայտ կեղծ տվյալներ է գրել հայտարարագրում». Դանիել Իոաննիսյան