▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա է ամբողջ ճշմարտությունը. Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը և Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանն արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը.

«Թանկագին հայրենակիցներ,

սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:

Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր:

Հետևելով ռազմական գործողությունների ընթացքին, ունենալով բազմաթիվ հանդիպումներ և խորհրդակցություններ պատերազմին մասկանցող ռազմական գործիչների, հրամանատարների և մարտիկների հետ՝ մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով նրան դիմել ՀՀ վարչապետին և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը:

Հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը նույնպես եկավ այս եզրահանգմանը և դիմեց մեր աջակցությանն այս հարցում՝ ստանալով մեր համաձայնությունը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ապա ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ:

Ստորև ներկայացնում ենք այդ նամակների տեքստերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո Նիկոլ Վովայի,

Խորհրդակցելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ և ստանալով նրանց միաձայն համաձայնությունը ս.թ. հոկտեմբերի 19-ին նամակ-կոչով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին տարածաշրջանում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված մարդասիրական աղետի պայմաններում պատերազմն անհապաղ դադարեցնելու առաջարկով:

Վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու պատրաստակամությունը: Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորն է և հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը փաստացի չի մասնակցում բանակցային գործընթացին, ստանալով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների համաձայնությունը դիմում եմ Ձեզ՝ գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի հիման վրա պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթաց վերսկսելու ուղղությամբ։

Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին Ռուսաստանի Դաշնության մեծարգո նախագահ պարոն Վլադիմիր Պուտին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո նախագահ պարոն Դոնալդ Թրամփ, Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն

Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի՝ դիմում եմ Ձեզ և որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ կոչ եմ անում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ:

Պաշտոնական Ստեփանակերտը մշտապես կողմնակից է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վերահաստատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացն անհապաղ վերսկսելու մեր պատրաստակամությունը:

Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին

Մեծարգո Արայիկ Վլադիմիրի, Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի, սույնով աջակցություն ենք հայտնում Ձեր որպես Արցախի Հանրապետության գործող նախագահի կողմից իրականացվող ջանքերին՝ ուղղված պատերազմը դադարեցնելուն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելուն»:

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյան

Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին