▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա մի երազ է, որը շուտով կավարտվի.Արտակ Կիրակոսյան

Օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանի  բազմաթիվ կատարումներից հաճախ եմ միացնում «Կապույտ Մանուշակ» երգը: Քայլում է, կանգնում ու երգում: Թվում է՝ արտառոց ոչինչ չկա: Բայց նա քայլում էր: Ու դժվար թե երբևէ կպատկերացներ, որ իր  փայփայած, ջերմություն ու սեր տված բեմում մի օր անվասայլակով կերգի:

-Արտակ, ողջույն բարեկամ: Ինչպե՞ս ես: Առողջությունդ, կյանքդ

-Ողջույն Վրույր ջան: Լավ եմ, փառք Աստծուն: Ապրում եմ Գերմանիայում: Քիչ-քիչ փորձում եմ վերականգնվել. Աստված՝ առաջ: Հուսով եմ՝ Աստծո կամոք կունենամ հնարավորություն ամուր ոտքերիս վրա կանգնելու:

Երբ առաջին անգամ, դեռևս 2009 թվականին հանդիպեցի Արտակին, նույն խոսքերն էր ասում՝ ամեն բառից հետո ամենամեծ հավատով: Փոքրամարմմին կինը մեկ ամուսնուն էր օգնում մարզանքներ անելու, մեկ երկու փոքրիկ տղաների հեևից էր վազում: Ու մինչև հիմա ականջներիս մեջ զրնգում է. «Երբ գլխավոր փորձի ժամանակ Մուսա լեռում 3,5 տոննա քաշ ունեցող լուսարձակն ընկավ մեջքիս, միայն մտածում էի դպրոցական երեխաների կյանքը փրկելու մասին: Փառք Աստծո, նրանք փրկվեցին, սակայն արդեն 10 ամիս է գամված եմ անկողնում: Ինձ թվում է, սա մի երազ է, որը շուտով կավարտվի»: Օպերային երգչի խոսքերն են, ով դեռ այդ ժամանակ ուժ էր գտնում ու տեսախցիկի առջև դաշնամուր նվագում: Այսօր, 5 տարի անց հանդիպում եմ նրան: Հարցնում եմ.

-Երգել փորձու՞մ ես: Ձայնդ հո չի՞ վնասվել:

-Ոչ թե փորձում եմ, այլ ակտիվ զբաղվում եմ երգեցողությամբ: Փառք Աստծուն՝ այնքան էլ հետ չեմ գնացել: Տեղի Հայկական դպրոցում երգեցողության դասեր եմ տալիս, երգում եմ նաև տեղի Հայ առաքելական եկեղեցում, Հայկական միության մշակույթի բաժնի ղեկավարն եմ և վարչության անդամ: Մոտակա ժամանակներս էլ սպասում եմ հրավերի՝ Բեռլինի պետական կոնսերվատորիայում աշխատելու համար:

-Որդիներդ ինչո՞վ են զբաղվում: Ի՞նչ նախասիրություն ունեն: Արդեն մեծացել ենԿինդ կարողանու՞մ է հասցնել:

-Մեծ ղաս 14 տարեկան է: Մեկ արի առաջ սովորական դպրոցում սովորելուց հետո, գերազանց սովորելու, գիտելիքներին կատարելապիս տիրապետելու համար տեղափոխեցին Բեռլինի Կոպպի գիմնազիա՝ երաժշտական ուղղվածությամբ: Փոքր տղաս դեռ սովորական դպրոցում է, բայց հույս ունեմ՝ եղբոր ճանապարհով կգնա: Կինս էլ է սովորում. Բեռլինի Համբոլդի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում է:

-Փաստորեն՝ դժբախտ պատահարից հետո չես ընկճվել, բեմից չես նեղացել: Հիմա նույնիսկ ոգևորվում ես, որ տղաներիդ  մեջ էլ քո շարունակությունն է:

-Եթե նույնիսկ երգարվեստում չլինեն էլ որդիներս, չեմ ընկճվի: Լավ սովորելու դեպքում այսեղ մեծ հնարավորություններ ունեն: Եթե ցանկացած բնագավառում լավը լինեն, ես շնորհակալ կլինեմ:

Հայաստանից Արտակ Կիրակոսյանը հեռացավ 2010 թվականի հոկտեմբերին, երբ վերջին անգամ և արդեն անվասայլակով երգեց «Գոհար» անսամբլի հետ՝ Բեյրութում, հույսով, որ խմբի հետ երգելու առիթ դեռ կունենա: Այդ ժամանակ, ու մինչ օրս էլ նրան աջակցում է Գոհար սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի  հիմնադիր և մեկենաս Հարութ Խաչատուրյանը, կամ ինչպես նրան կոչում են՝ Հայրոն: «Նա այստեղ նույնիսկ դաշնամուր գնեց ինձ համար, ու ես ակտիվորեն սկսեցի ձայնս մարզել»,-ասում է Արտակը:

-Իսկ վերադարձ հայրենիք ինչպե՞ս ես պատկերացնում: Հետևու՞մ ես այստեղ կատարվող իրադարձություններին: Ո՞ր դեպքում հետ կգաս:

-Այո: Գրեթե բոլոր իրադարձություններին հետևում եմ, և շատ եմ ցավում առաջին հերթին արտագաղթի ծավալների, հետո էլ երկրի ներսում տիրող քաոսի համար: Արդեն չեմ ուզում լուրերին հետևել, որովհետև, «Հին օրերի երգը» ֆիլմի մեջ, որ Նիկոլը սև թուղթը բերում է, բաժանում… Հայաստանից լուրերն այդ վիճակին են նման: Չգիտեմ՝ ինչ կանեմ: Գերմանիան  ամեն ինչ ինձ համար ստեղծեց, առաջին հերթին՝ անվճար բժշկություն: Ես Հայաստանում արդեն հասցրել էի իմ հնարավորությունները ցույց տալ, և իրականում դժգոհ չէի այն գնահատականից, որ ստանում եմ: Իհարկե՝ դասական երգիչը, ֆինանսական առումով, երբեք արժանավայել չի գնահատվել, բայց գոնե անհատները գիտեն մեր արժեքը: Դժբախտ պատահարից հետո ստացածս վերաբերմունքն ինձ շատ կոտրեց՝ շատ հարցերում: Հոգեպես շատ վայրէջքներ ունեցա: Այստեղ ամեն ինչ դեռ առջևում է՝ նաև՝  մասնագիտական առումով:

-Արտակ, իսկ քո կարծիքով ինչը՞ կփրկի հայ մշակույթը, հայ արվեստագետին:

-Ամեն ազգի մշակույթ նրա դեմքն է: Մեր ազգի համախմբվածությունը կփրկի  հայ մշակույթը, կլուծի այսօր ծառացած մյուս բոլոր խնդիրները: Մենք՝ ամենքս, մեր կաշվի մասին ենք մտածում, ու երբ տեսնում ենք ուրիշի հաջողությունները, միանգամից «վայիս» ենք լինում՝ ուրախանալու փոխարեն: Պետք  է ձգտենք այդ հաջողությունը կրկնապատկել, հազարապատկել:

-Երկրի ներկայիս իրավիճակում մշակույթի գործիչների դերը ո՞րն է, ի՞նչ կարող են անել նրանք:

-Երկրի համար, թե՞ մշակույթի:

-Եվ, և… երկուսն էլ իրականում քաոսի մեջ են:

-Հա… գիտեմ… (10 րոպե հետո) Վրույր ջան, արդեն մի հինգ տարբերակ գրեցի-ջնջեցի, որովհետև բոլոր տարբերակներիս ես ինքս չեմ հավատում, ուր մնաց՝ դու լուսաբանես: Կարդացող կոլեգաներս կծիխաղեն ինձ վրա: Իրոք՝ չգիտեմ: Ու միայն կարող եմ ասել՝ թող շատ ակտիվ լինեն, հաճախակի կազմակերպեն համերգները, որ ժողովուրդը «չսառի», մշակույթից չօտարանա:

 Կրկին միացնում եմ «Կապույտ Մանուշակ»-ն ու այս անգամ լսում բառերը.

«Ձորափին աննկատ,  մի կապույտ մանուշակ

Հոգուս պես՝ հայկական, գեղեցիկ և սիրուն, բայց՝ մենակ:

Քամին թող փչի, դիմացիր կապույտ մանուշակ:

Կարկուտ թող լինի, դիմացիր, մանուշակ…»

Հեղինակ` Վրույր Թադևոսյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին