▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա վերջին 2 տարում ինձ հանդիպած ամենազավեշտալի գործերից մեկն է․ Միքայել Մինասյանի պաշտպան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ:

Ամրամ Մակինյանի խոսքով՝ Միքայել Մինասյանի դրվագը ներառված է մի գործում, որը ՊԵԿ-ում քննվում է շատ վաղուց եւ որեւէ առնչություն չունի իրենց հետ.

 «Պարոն Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալների մուտգաքրման համար այն դեպքում, երբ նրա մասով ապացույցները խոսում են ոչ թե մեղադրանքի առկայության, այլ դրա բացակայության մասին»:

Ըստ Մակինյանի՝ Միքայել Մինասյանը իր 2017 թվականի հայտարարագիրը լրացնելու համար լիազորել է մի ընկերության, որի աշխատակիցը թվերի հանրագումարի առումով տեխնիկական վրիպակ է թույլ տվել, եւ հայտարարագրում ներկայացրել է ավելի շատ գումար, քան Մինասյանն ունի իրականում, իսկ այդ ֆինանսական միջոցների փոխանցումը իր մի հաշվից մյուս հաշվին դիտարկվել է փողերի լվացում.

«Սա վերջին երկու տարում ինձ հանդիպած ամենազավեշտալի գործերից մեկն է, այդ առումով մեզ մոտ տարակուսանք է առաջացրել այն, թե ինչպես է վարույթն իրականացնող մարմինը անձի օրինական միջոցների փոխանցումները, որը ինքը կասկածի տակ չի դնում, դիտարկել փողեր լվացում, եւ ինչպես է հայտարարագրում տեխնիկական սխալը, որից եկամուտ չի առաջանում ապօրինի հարստացման հանցակազմի իմաստով, դիտարկում ապօրինի հարստացում. պիտի շատ վառ երեւակայություն ունենաս, որ այսպիսի մեղադրանք առաջադրես, չնայած ասեմ, որ մեղադրանքը, քննարկելով ու անցկացնելով այն քաղաքական հայտարարությունների լույսի ներքո, որ վերջին ժամանակներում բազմաթիվ անգամներ արել են հայտնի քաղաքական գործիչները նրա անձի վերաբերյալ, սպասելի է դառնում»:

Ըստ պաշտպանի՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 23-ի մոտակայքում, եւ այս մեկ ամսվա ընթացքում ինքը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի հարցաքննվի հայտարարագիրը լրացրած այդ անձը, ինչը, ըստ պաշտպանի, ՊԵԿ-ն ու Դատախազությունը չեն ցանկանում անել.

«Այդ հարցաքննության արդյունքում քրեական գործի համար շատ կարեւոր տեղեկություններ կստանանք, այդ վրիպակը նրա անփութության հետեւանքով է եղել, սակայն քննիչն ու դատախազը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբաններ, շատ լավ հասկանում են, որ եթե այդ հարցաքննությունը կատարվի, մեղադրանքը կտեղափոխվի քաղաքական դաշտ»:

Մակինյանի կարծիքով՝ նրանց նպատակը Մինասյանին կալանավորելն է. երբ դրան հասնեն, նոր միայն այդ հարցաքննությունը կկատարեն:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

ՊԵԿ հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ ստորև․

 

ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը, հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է՝ 2017-2018թթ. ընթացքում, մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ, նույն հաշվետու ժամանակահատվածների համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարգրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք:

23.03.2020թ.-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մ.Մինասյանի կողմից հնարավոր կատարած հանրորեն վտանգավոր այլ արարքները բացահայտելու և դրանց մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, նախաքննության վերաբերյալ տեղեկությունների հանրայնացման ուղղությամբ տևական ժամանակ դրսևորելով զսպվածություն, ապահովելով նախաքննության գաղտնիքի խիստ սահմանները, հորդորում է զերծ մնալ կատարվող քննչական և դատավարական գործողություններին անհիմն և չփաստարկված գնահատականներ տալուց:

 

 

Հավելենք նաև, որ  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում էլ Միքայել Մինասյանի մեկ այլ պաշտպանը` Միհրան Պողոսյանը, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը որակել է  որպես դասական պատվերի կատարում ու բացահայտ քաղաքական հետապնդում. 

«Գոյություն չունի որևէ իրավական հիմնավորում, առհասարակ իրավաբանություն չկա, հետևաբար վստահեցնում եմ, որ այս փնթի կարված գործն անհետևանք չի մնալու ո՛չ պատվիրատուների, ո՛չ կատարողների համար: Ակնհայտ է, որ փորձում են ամեն գնով քրեական հետապնդում սկսել, բայց հրահանգը կատարողները խճճվել են իրենց իսկ գործողություններում ու չկարողանալով ապօրինության գոնե մեկ փաստ առաջ բերել՝ դիմել են գործ կարելու տխրահռչակ մեթոդաբանությանը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում բազմիցս հիմնազուրկ մեղադրանքներ է հնչեցրել Մինասյանի հասցեին ու դրանցից հետո առաջադրված քաղաքական մեղադրանքի ապօրինության և պարզունակության աստիճանը վկայում է իրավական դաշտում ներկայիս ռեժիմի սնանկության մասին։ 

Ինչ վերաբերում է մեղադրանքի էությանը, ապա Պողոսյանը նշել է, որ Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը ներառում է երկու դրվագ. 

«Առաջինը վերաբերում է նրան, որ պարոն Մինասյանը անձամբ չի գնացել առևտրային բանկ ու նրա փոխարեն, օրենքով սահմանված կարգով, օգնականն է նրա՝ ՀՀ-ում գտնվող 2 անձնական բանկային հաշվեհամարներին մուտքագրել պարոն Մինասյանին պատկանող դրամական միջոցները, որոնք հետագայում Մինասյանի կողմից փոխանցվել են Իտալիայում գտնվող անձնական բանկային հաշվեհամարին։ Նշված գործողությունը քննչական մարմինը որակել է որպես ապօրինի հարստացում և փողերի լվացում՝ առանց ստուգելու Էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերը, ինչը փաստում է, որ գործ ունենք բացառապես օրինական աղբյուրներից ձևավորված դրամական միջոցների հետ։ Երկրորդ դրվագը վերաբերում է Մինասյանի կողմից դեռևս 2004-ին հիմնադրված ընկերության 20 % բաժնեմասի խնդրին։ Նշված մասով Մինասյանի 2017 թ. հայտարարագրում առկա է տեխնիկական սխալ, քանի որ հայտարարագրում նշված բաժնեմասի վաճառքի գինը և պարոն Մինասյանի կողմից ստորագրված բաժնեմասի վաճառքի պայմանագրում նշված վաճառքի գինն իրար չեն համապատասխանում, ինչը քննչական մարմնի կողմից որակվել է որպես ապօրինի հարստացում։ Նշված սխալը թույլատրվել է այն ընկերության աշխատակցի կողմից, որը դեսպան Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված բաժնեմասի հավատարմագրային կառավարման և Էթիկայի հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի լրացման համար։ Ուստի, մենք թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին ներկայացրել ենք միջնորդություն այդ ընկերության աշխատակիցներին հարցաքննելու վերաբերյալ, բայց՝ անարձագանք: Ստացվում է՝ քննիչը չի ցանկանում հարցաքննել նշված տեխնիկական սխալը թույլ տված աշխատակցին, որպեսզի բացառվի դեսպան Մինասյանի մեղավորությունը հերքող որևէ փաստական տվյալների մուտքը իր վարույթում քննվող գործին»,- նշել է պաշտպանյանը՝ ավելացնելով, որ այս հանգամանքը ևս փաստում է, որ գործ ունեն ոչ թե քրեական, այլ քաղաքական վարույթի հետ։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին