Հայաստանի ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։

Ըստ նրա, «Ալեքս Հոլդինգում» կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում և արձանագրվել է ավելի քան 5 միլիարդ դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն»:

Նշենք, որ «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել էր, որ շուտով ստուգումներ կսկսվեն նաև Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում:

Հիշեցնենք, որ վերջերս կեղծ օղի արտադրելու համար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ն տուգանվել էր 10 մլն դրամով:


