▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարժումային դիտարկումներ 3. Ո՛չ փոխզիջումներին

Երրորդ հանրապետության առաջին խոշոր շարժումը նախքան քաղաքական ու ետընտրական լինելը անձնական թշնամանքի հիմքեր էլ ուներ: Մինչև 1996 թ. աշուն հնարավորություն եմ ունեցել շփվել իշխանական բուրգի վերին էշելոնի հետ ու տեղյակ եմ նրանց վերաբերմունքին Վազգեն Մանուկյանի ու նրա զինակիցների նկատմամբ: Այդ վերաբերմունքը, որ մասամբ նաև դիմացինի կոշտ պահվածքին արձագանքի արդյունք էր, բացառում էր փոխզիջումը: Հատկապես սեպտեմբերյան իրադարձություններից հետո:
Այդ ժամանակ էր, որ ես հասկացա, որ «Մենք»-ի, յուրայինի սահմանները մեզանում առավելագույնը տարածվում են մինչև թիմի մակարդակ. այդ սահմանագծից այն կողմ թշնամին է: 

Հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց 2003 թվականին. ընտրություններից /քաղաքական տերմինները ընկալեք չակերտների մեջ, քանի որ իրականում դրանք չկան/ հետո բևեռները գնացին բանակցության: Բայց ետընտրական պայքարը ինքնին հաճելիներից չէ փոխզիջման գնալու համար, և կողմերն ակամա հայտնվում են թակարդում. երկուսն էլ պնդում են, թե իրենց թեկնածուն է հաղթել ու եթե ինչ-ինչ հարցերում համաձայնության գան ՝ թեկնածուներից մեկի նախագահության ներքո, ապա բանակցող կողմերից մեկը որպես ջախջախված է ընկալվելու հանրության մոտ: 
Այդպես էլ եղավ՝ ընդդիմությունը կես քայլ անգամ չնահանջեց իր պահանջի մեջ, իշխանություններն էլ հայտարարեցին, թե ընդդիմությունն իրենց թողնում է ինքնասպան լինելու միջոցի ընտրության ազատությունը միայն:
Արդյունքում ընդդիմությունն ինքը ինքնասպան եղավ:

Տեր-Պետրոսյանի շարժումը սկսվեց իշխանություններին գոտկատեղից շատ ներքև հարվածներ հասցնելով. այս մարտավարությունը նպատակ ուներ հընթացս կարգավորել առաջնորդի անցյալում խախտված իմիջը: Իշխանության բարձր էշելոններից այն ժամանակ ինձ չճշտված տեղեկություն հասավ, թե իրենք դեմ չէին լարվածությունը կարգավորելու նպատակով համագործակցության գնալ ընդդիմության հետ, սակայն ավազակապետություն և նման այլ որակումները հարկադրեցին անցնել ագրեսիվ պաշտպանության:
Ճիշտ է, մարտի 1-ից հետո կայացան որոշ հանդիպումներ, սակայն դրանք ավելի շատ դրսի պահանջով էին և եղան անարդյունք: Նաև վերը նշված պատճառով:

Ուշագրավ իրավիճակ է այս օրերին: Րաֆֆի Հովհաննիսյանը կոշտ քննադատության չի ենթարկում իշխանություններին, որը երկխոսության համար տեղ է թողում, բայց և մյուս կողմից, նախկին ընդդիմադիրների նման, երկխոսություն ասելով հասկանում է՝ իշխանություններին տալ ազատություն ընտրել ինքնասպան լինելու ձևը: Իսկ իշխանությունները հիմար չեն, հատկապես որ ֆիզիկապես ուժեղն իրենք են:
Րաֆֆի Հովհաննիսյանի թիմում կան կոշտ պայքարի, իշխանությունը գրոհով վերցնելու կողմնակիցներ, ովքեր մերժում են երկխոսությունը: Դա իրենց իրավունքն է , ու թող ամենևին չընկալվեմ որպես նրանք պայքարին ջուր լցնող, բայց և խորհուրդ կտայի համադրել ներկա շարժման թափը նախորդների հետ ու միշտ աչքի տակ ունենալ նրանց ճակատագիրը:
Իսկ ես Րաֆֆի Հովհաննիսյանին կառաջարկեի հետևյալը՝
-փոխհամաձայնության արդյունքում վերապահումներով, ինչպես նաև պայմանավորվածությունը չխախտելու հստակ երաշխիքով /եթե կարիք կա՝ որևէ միջազգային կառույցի կամ երկրի/ ընդունել ընտրությունների արդյունքները, 
- պահանջել հանրային հարաբերությունները որոշող մի քանի նախարարություններ /մասնավորապես՝ կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի և այլն/,
- գալ համաձայնության, որպեսզի մարզպետից սկսած բոլոր կադրային նշանակումները համաձայնեցվեն իրենց հետ, այդ կադրերի նշանակման նպատակահարմարությունը ազգային շահի տեսանկյունից քննելու համար,
-այլ:
Այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի կունենա փոխնախագահի պորտվել: Անգամ ավելին:

Երկրի վիճակն այնպիսին է, որ արմատական փոփոխությունների կարիք է զգացվում, ինչն իրականացնել հնարավոր է թերևս իշխանափոխությամբ, սակայն անհույզ հաշվարկները ցույց են տալիս, որ դրա հավանականությունը շատ փոքր է:
Այնպես որ փոխզիջումը կարծես թե այլընտրանք չունի:
Պատմությունը եթեներ չի սիրում, բայց եթե հայաստանյան ընդդիմությունը ամեն շարժման արդյունքում փոխզիջումով որոշակի բարեփոխումների հասներ, ապա այսօր այլ Հայաստան կունենայինք: 

Հ.Գ.Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ ունի մինչև մայիս: Մայիսին իշխանությունները ամեն գնով կջանան նրան ջախջախիչ պարտության մատնել Երևանի ավագանու ընտրություններում և ամեն ինչ կավարտվի:
Այդպես նաև Տեր-Պետրոսյանի հետ է պատահել: Իսկ ինքը նրանից ուժեղ չէ:

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին