▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը»․ Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառումը․ «Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։
Շատ շուտով կպարզվի, որ մեզանում մոտ 95 տոկոսն իրանաիսրայելական հակամարտության լուրջ փորձագետներ են։ Աշխարհացունց և դավադրապաշտական վերլուծությունների պակաս չենք ունենա, մեր դարդը թողած այլոց դարդով տապակվողների պակաս՝ նույնպես։ Նախանշաններն արդեն կան։
Իսկ իրականում մեր թիվ մեկ մտահոգության ու վերլուծության առարկան պետք է լինի այն, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Դրանից ավելի մեծ արհավիրք մեզ համար չկա։
Ճիշտ է, մեր հարևան ու բարեկամ Իրանի ճակատագիրը մեզ պետք է հետաքրքրի, բայց նախևառաջ մենք մեր ներքին խնդիրները պետք է լուծենք, որ կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին»։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի և Իսրայելի միջև լիարժեք պատերազմ դեռ չկա։ Բայց չի նշանակում, որ չի լինի։
Ցանկացած դեպքում, այս հակամարտության արձագանքները լսվելու են նաև Հայաստանում»։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առայժմ չեմ մտնի Իրան-Իսրայել հակամարտության խորքերը, մանավանդ որ շուտով ֆեյսբուքյան քաղաքագետները կսկսեն իրար հերթ չտալով կանխատեսումներ անել։
Միայն նշեմ, որ յուրաքանչյուր տարածաշրջանային հակամարտություն իր հետ բերում է այլ անկանխատեսելի զարգացումների, ուստի մենք պետք է առավել քան զգոն լինենք։
Իրանի սահմանակից շրջաններում անհրաժեշտ է ուժեղացնել սահմանային հսկողությունը, իսկ բնակավայրերում կարգի բերել ապաստարանները։
Եթե Իսրայելը և նրա դաշնակից երկրները հարձակվեն Իրանի վրա, հավանական է, ռումբեր ու հրթիռներ պատահական կամ «պատահական» կընկնեն նաև մեր տարածքում, ուստի մեր բնակիչները պետք է իմանան՝ ինչ անել նման դեպքում։
Մեծ է վտանգը, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Անգլիան կօգտվեն տարածաշրջանային հակամարտությունից ու կփորձեն զորք մտցնել Սյունիքի մարզ, ուստի պետք է ուժեղացնել հատկապես Երասխի, Ջերմուկի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի դիրքերը, զորքը պահել ուժեղացված մարտական պատրաստության վիճակում։
Դա պարտադիր անհրաժեշտություն է երկրի անվտանգության տեսանկյունից։
Իհարկե, ինձ կարձագանքեն, թե այս իշխանությունը չի անի նման բան, բայց ես ասում եմ ոչ թե քաղաքական իշխանության, այլ զինվորականների համար»։

***

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը․ «Ինչպես և կանխատեսում էինք, իրանական հարվածը Իսրայելին ավելի շատ տեղեկատվական նշանակություն ուներ, քան կիրառական։
Իրանական 150 բալիստիկ հրթիռ և 300 ից ավել ԱԹՍ փորձեցին ճեղքել իսրայելական ՀՕՊ-ը, բայց խոսել Իսրայելի տարածքում զանգվածային ավերածությունների մասին չի կարելի, հաստատված է միայն Նեգև անապատում իսրայելական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունների մասին։
Մի խոսքով, իսրայելցիներին ստացվեց չեզոքացնել զանգվածային ավերածությունները, իսկ Իրանին հաջողվեց տեղեկատվական և դիվանագիտական դաշտում ավելի մեծ աղմուկ բարձրացնել, քան մարտի դաշտում։
Մի խոսքով՝ ոչ Իրանը «տակ մնաց», ոչ Իսրայելը լուրջ տուժեց։
Ինչպես ասում էր դասականը՝ Восток дело тонкое Петруха»։

***

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն ականատեսն ենք Մերձավոր Արևելքում ծավալվող նոր, ավելի վտանգավոր ռազմական հակամարտության: Իրանը հարվածում է Իսրայելին: ԱՄՆ և նրա արևմտյան դաշնակիցները Իսրայելի կողմն են և համատեղ գործում են իրանական դրոնները ոչնչացնելու համար: Մոսկվան և Պեկինը պարզ է, որ չեն համագործակցելու Արևմուտքի հետ: Այս մեծ բախումը Հայաստանին շատ մոտ է: Մեր ազգային շահը թելադրում է պահպանել առավելագույն չեզոքություն: Իրանը մեր բարեկամն է, Արևմուտքի հետ մերձենալու քաղաքական գիծը բավականի խորացրել են ներկա իշխանությունները, ՌԴ-ն դեռևս ֆորմալ առումով մեր դաշնակիցն է, չհաշված տնտեսական և էներգետիկ կախվածությունը: Ադրբեջանը կօգտագործի ցանկացած նպաստավոր իրավիճակ տարածքներ գրավելու համար: Ոչ ոք այս իրադրության մեջ չի կարող ամբողջովին երաշխավորել ՀՀ անվտանգությունը: Անհրաժեշտ է, որ բոլոր մակարդակներում բացառել այս կամ այն կողմին վերաբերվող դրական կամ բացասական մեկնաբանություններն ու որակումները: Խոսքս վերաբերվում է հատկապես պետական այրերին և մամուլին: Չեզոքություն և կրկին չեզոքություն: Զգույշ, շրջահայաց և անկողմնակալ դիրքորոշում իրադարձությունները մեկնաբանելիս: Մեր վտանգված հայրենիքը իրավունք չունենք այլևս նոր փորձությունների տանելու: Ոչ մի հակաքաղաքականություն, մեր ապագան մեր չեզոքության մեջ է»։

Դիտեք նաև՝

***

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր Մերձավորարևելյան ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ և… ԱՎԱՐՏՎԵՑ: Բոլորը գոհ են կամ գոնե ձևացնում են…, թե գոհ են…
Իրոք, Իսրայելը և ԱՄՆ-ն մի ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ արեցին Իրաքի, Հորդանանի ու Իսրայելի օդային տարածքում, որի նպատակը իրանական թռչող սարքերի որսն էր: Ընդհանուր առմամբ ոչնչացվեցին մի քանի հարյուր իրանական հարվածային միջոցներ, յուրայինները լավ պրակտիկա ստացան, իսկ հետախուզությունն էլ անգին տեղեկություններ հավաքեց իրանական հարվածային միջոցների մասին: Թեհրանում ևս կարող են գոհ լինել՝ յուրայինների համար լավ, թեև թանկարժեք հրավառություն կազմակերպեցին՝ ցույց տալով սեփական «անսասան վճռականությունը», քանզի տեղում քչերը կխորանան այն բանում, որ իրականում սա ցույց տվեց իրանական կողմի ՀԵՆՑ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ի համեմատ Արևմուտքի:
Ողջույն երեկ հրճվանք ապրող իրանամոլներին, որոնք այսօր հիասթափված շուրջբոլորն են նայում: ՈՏՔԻ ԵՄ ԿԱՆԳՆՈՒՄ և ՀԱՐԳԱՆՔՈՎ ԳԼԽԱՐԿՍ ԵՄ ՀԱՆՈՒՄ Արևմուտքի ուժի առջև՝ լայն իմաստով: Նեթանյահուն կփորձի խաղարկել այս հանգամանքը Իրանի դեմ, սա իրեն շատ պետք է, և Մերձավոր Արևելքը կշարունակի բախվել շահերի սովորական շրջապտույտում: Սա վատ էր նաև Կիևի համար՝ Արևմուտքում առանց այդ էլ արդեն շատերն են ուզում «թռնել» ուկրաինական թեմայից և ահա՝ հիանալի առիթ է ուկրաինացիներին ասելու. «Կներեք, մենք գնացինք, ավելի կարևոր գործեր կան»:
Մեզ համար` լավ էր, որ Իրանը չպայթեց և տարածաշրջանը չայրվեց, բայց… ՄԵՆՔ ԷԼ ՄՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԸՆԹԱՑԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ:
Բարի կիրակի բոլորին»:

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Իրաքի և Սիրիայի տարածքով գիշերն ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Թեպետ իսրայելական ՀՕՊ համակարգերը կարողացել են որոշակիորեն չեզոքացնել հարվածները` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տեղական ուժերի օգնությամբ, սակայն իրանական բազմաթիվ հրթիռներ և ԱԹՍ-ներ, այնումենայնիվ, հասել են թիրախին։
Իսրայելյան որոշ աղբյուրներ նշում են, որ չեզոքացման օպերացիայի վրա շուրջ մեկ միլիարդ դոլարին հասնող միջոցներ են ծախսվել։
Սա մերձավորարևելյան դիմակայության նոր փուլ է, որը այս պահին միահյուսված է հիբրիդային գործողությունների և ուղիղ հարձակման գործողություններով։
Իհարկե, մեծ տարածաշրջանային պատերազմը չի համապատասխանում տարածաշրջանի շահերին, բայց նոր գծվող սահմանները պահանջում են համարձակ գործողություններ, ինչը և անում է Իսրայելը` իր հովանավորների օժանդակությամբ, հիմա նաև` Իրանը։
Թեպետ դեռ վաղ է ուղիղ մեծ ռեգիոնալ պատերազմ կանխատեսելը»։

***

Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը, գրում է New York Times-ը:

Ըստ հրապարակման, Իսրայելի ռազմական կաբինետի մի քանի անդամներ կողմ են եղել պատասխան հարված հասցնելուն, սակայն Իրանի կողմից հասցված լուրջ վնասի բացակայությունը և Բայդենի հետ Նեթանյահուի զրույցից հետո հանգել են այն մտքին, որ այդ մտքից պետք է ետ կանգնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին