«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը բարձրաձայնում է իր վախերը․ շուրջ մեկ շաբաթ է՝ իրար հերթ չտալով, քարոզչական տեռոր են իրականացնում, թե խորհրդարանական ուժերին հայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները «Գյումրի 2» են ուզում իրականացնել։
Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ իշխանություն վերցնի։ Փաշինյանն ու նրա խմբակը հետընտրական այս կոնսոլիդացիան փորձում են ներկայացնել որպես մի արատավոր, հրեշավոր իրողություն:
Մինչդեռ դա բնական երեւույթ է, որ իշխանությանը տապալելու համար ընդդիմադիրները միմյանց հետ համագործակցում են, կոալիցիա կազմում, հուշագրեր ստորագրում եւ համատեղ վերցնում են իշխանությունը։
Իրականում, այս քարոզչության թիրախը գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է, որը դիրքավորվել է նախկինների եւ ներկաների արանքում ու բոլոր շանսերն ունի՝ իր շուրջ համախմբում ապահովելու եւ իշխանությունը վերցնելու հարցում:
«Գյումրի 2»-ի մասին թմբկահարմամբ իշխանությունները թերեւս փորձում են հանրության մոտ կարծիք ստեղծել, թե Սամվել Կարապետյանն էլ է նախկին ու շատ չի տարբերվում Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին հորինված կերպարից։ Իրականում պարզ է, որ իշխանությունը սարսափում է այս սցենարից, հակառակ դեպքում անխնա հակաքարոզչություն չէր իրականացնի։


