▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ շուտով բոլորս կիմանանք` լոխն ո՞վ է

Չմուծված և բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը ճշտելու նպատակով ստուգումներ սկսելու գործընթացում արտառոց ոչինչ էլ չկա:

Հետաքրքիր չէ՞, թե ինչպե՞ս սոցիալիստական ուռավնիլովկայից հետո պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ, տնտեսական կոլափս ապրած երկրում «մանթաշովի թոռան» կարգավիճակը չունեցող մարդը մի քանի տարում դարձավ ֆինանսատնտեսական մագնատ:

Հնարավո՞ր է չէ, որ ստուգումները բացահայտնեն, որ Ծառուկյանը Սմիթին, Քեյնսին ու Ֆորդին ոչ մի բանով չի զիջում, արագ հարստանալու այնպիսի բանաձև գիտի, որի մասին պետք է գիրք գրել ու նոբելյան մրցանակի հավակնել:

Եթե անկեղծ, ապա բոլորին է Ծառուկյանի ֆինանսական բուրգի կառուցման «գաղտնիքը» հետաքրքրում: Հատկապես, երբ Ծառուկյանը երբեք էլ կուտակած ունեցվածքի արտաքին փայլը չի թաքցրել՝ Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգվածին (հատկապես` կրթված ու բանիմաց) հստակ ազդակ հղելով առ այն, թե դու լոխ եք, իսկ ես փող սարքող, փողատեր-աղա մարդ եմ:

Ինչպես ասում են՝ վերջը լավ լինի, շատ շուտով բոլորս կիմանանք լոխն ո՞վ է, և աղքատ երկրում Պարսից Ծոցի արաբական շեյխի քմահաճույքներով ապրելակերպի վերջնահաշվարկն ի՞նչ է:

Ու թող տեղի-անտեղի «քաղաքական հաշվեհարդար» հասկացությունը չշահարկվի: Ի վերջո, այս պետությունում պետք է ինչ-որ կետից, ինչ-որ մեկից սկսել: Ինչպես ասում են՝ հերթով, շարքով, կարգով: Միշտ ասել եմ ու կասեմ. հայի պետական իշխանությունը յուրացնել ձգտող օլիգարխ տեսակի ամենակարևոր առանձնահատկություներից են մարտնչող տգիտությունն ու ամոթից չկարմրող անգրագիտությունը:

Ժամանակին ռուսական պետությունը անհամեմատ ավելի խելացի, ներկայանալի ու փողատեր Բերեզովսկուն ու Խոդորկովսկուն իրենց տեղը ցույց տվեց, ինչի հետևանքով այսօր ռուս օլիգարխները հլու-հնազանդ բիզնեսով են զբաղված ու մտքի ծայրով էլ չեն անցկացնում խառնվել ոչ իրենց խելքի գործընթացներին...

Հ.Գ. Ռուսաստանի օրինակը պատահական չբերեցի, ռուս օլիգարխներին մեր ժողովուրդն ավելի է ճանաչում, քան ամերիկացիներին կամ բրազիլացիներին:

 

Միհրան Հակոբյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին