Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Հերիք է, դիլետանտիզմ: Ալավերդին 2 տարի ծայրից ծայր անանցանելի է, Երևանում տարին 4 անգամ նույն տեղը քերում են: Հերիք է, լրջացեք»:
Asekose.am-ը զրուցել է ռեժիսորի հետ՝ նրա մտահոգությունները և նման տեսանյութ հրապարակելու պատճառները պարզելու համար, ինչպես նաև հետաքրքրվելու՝ արդյո՞ք այս քայլով ցույց է տալիս իր ընդդիմությունը ներկայիս կառավարությանը:
«Ես դեմ չեմ գնում կառավարությանը և հատկապես վարչապետին, ես նրա հետ եմ և ողջունում եմ նրա գործունեությունը. սատարում եմ Նիկոլ Փաշինյանին և կարծում եմ, որ նա սրտացավ է պետությամբ նկատմամբ: Ես պարզապես դեմ եմ դիլետանտիզմին, ոչ պրոֆեսիոնալներին, որոնք այսօր շատ են յուրաքանչյուր ոլորտում, դրա դեմ է պետք պայքարել, պետք է բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալներ ներգրավել: Լուրջ բաց և խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում»:
Անդրադառնալով իր ֆեյսբուքյան հրապարակմանը՝ Սուրեն Շահվերդյանն ասաց, որ բարձրացրած թեման իրեն մտահոգում է.
«Նյարդայնանում եմ, որ Երևանում արդեն մեկ տարի է, ինչ տեսնում եմ, որ նույն փողոցներում ասֆալտը քերում են և ասֆալտ են փռում՝ տարին մի քանի անգամ: Եթե վերջերս եղել եք Ալավերդիում կամ Հայաստանի այլ քաղաքներում, տեսած կլինեք, որ շատ անմխիթար վիճակ է: Կարծում եմ, որ այս ոլորտում պետք է փոփոխություններ մտցնել և ասֆալտապատումը մեկ անգամ իրականացնել, բայց պրոֆեսիոնալ: Այս ամենն արդեն անթույլատրելի է և անընդունելի»:
Սուրեն Շահվերդյանը նաև ուրախությամբ հավելեց, որ ֆեյսբուքյան հրապարակումից հետո արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ շնորհակալություն հայտնելով գրառման համար և ասել, որ այլևս որակին խստորեն հետևելու են:
Դիտեք նաև՝ Սուրեն Շահվերդյանի եզրափակիչ խոսքը՝ վերջին աղմկահարույց թեմաների վերաբերյալ