▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Շաքարյանց. «Լևոն Տեր- Պետրոսյանն ինչ-որ մեկի զանգից է արթնանում. կարևոր չէ` դա որտեղից է»

Հայաստանյան առաջիկա նախագահական ընտրություններին մոտ երկու ամիս է մնացել, և հանրության ուշադրության կենտրոնում տարբեր քաղուժերի կողմից արվող հայտարարություններն են: Ներքաղաքական իրադարձությունների վերջին զարգացումների թեմայով ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է անկախ փորձագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:

- Պրն Շաքարյանց, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` գալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու հայտարարությունից հետո տարաբնույթ մեկնաբանություններ հնչեցին: Ըստ Ձեզ` ո՞րն էր ԲՀԿ առաջնորդի այս որոշման հիմքը:

- Ես չէի ցանկանա զուտ երևակայությամբ ինչ-որ բաներ հորինել: Ես բացահայտ հայտարարում եմ, որ չգիտեմ: Սակայն կարող եմ մի շարք փաստեր համադրել: Առաջինը` ԲՀԿ պատվիրակությունն` իր առաջնորդի գլխավորությամբ, եղել է Բրյուսելում: Բնականաբար, տեղի են ունեցել հանդիպումներ, բանակցություններ: Երկրորդ` վերադառնալուց հետո ԲՀԿ պատվիրակությունից որևէ մեկը չի ցանկացել հանդիպել լրագրողներին: Երրորդ` տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի և գործող նախագահի հանդիպումը, ինչի մասին մենք տեղեկացանք տարբեր ԶԼՄ-ներից: Դրանից հետո եղավ բոլորիս հայտնի հայտարարությունը: Համադրելով այս փաստերը` կարող ենք ենթադրել, որ, այնուամենայնիվ, չստանալով սպասված խոստումները, վերլուծելով ինչ-որ քննարկումներ կուսակցության ներսում, ինչի մասին վկայում են նաև Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան քողարկված գրառումները, ընդունվեց այդ որոշումը: Այդ հանդիպումների, բանակցությունների արդյունքում Ծառուկյնանը երևի համոզել է կուսակիցներին, որ թե' ինքը, թե որևէ մեկը ԲՀԿ-ից չպետք է մասնակցեն ընտրություններին ու նաև չաջակցեն որևէ մեկին:

 - Ըստ Ձեզ` առաջիկա ընտրություններին  ԲՀԿ-ի որոշումն ինչպի՞սի ազդեցություն կունենա իշխող կուսակցության` ՀՀԿ-ի վրա:

- Եթե Գագիկ Ծառուկյանը մասնակցեր ընտրություններին, գոնե, արտաքին տպավորություն կստեղծվեր, որ այլընտրանքային ընտրություններ են տեղի ունենում: Ընտրություններ, որոնք քիչ թե շատ համապատասխանում են այսպես կոչված արևմտյան չափանիշներին: Դա շատ կարևոր է ՀՀԿ-ի համար: Գործող նախագահի համար ևս դա շատ կարևոր փաստարկ կլիներ: Ներկա իրավիճակում ովքեր էլ առաջադրվեն,Գագիկ Ծառուկյանի քաղաքական կշիռի կամ ճանաչելիության նույնիկ կեսը չունեն: Բոլոր մնացած հավանական թեկնածուները խոցելի են: Ծառուկյանն էլ անխոցելի չէր, բայց նա ոչ թե ինչ-որ մեկի թելադրանքով արթնացող գործիչ է, այլ ակտիվ հասարակսկսն կյանքի մասնակից: Շարքային ընտրողը գրեթե ամեն օր ինչ-ինչ պատճառներով լսում է Ծառուկյանի անունը: Իսկ օրինակ` Լևոն Տեր- Պետրոսյանն ինչ-որ մեկի զանգից է արթնանում: Կարևոր չէ` զանգը Հայաստանից է, թե ոչ: Դա խոսում է այն մասին, որ նա ոչ ինքնուրույն քաղգործիչ է: Կարևոր չէ, թե ով, բայց ինչ-որ մեկը նրա հրահանգիչն է, ով պարբերաբար արթնացնում և քնեցնում է նրան: Կարելի է նման փաստարկներ հիշել շատերի վերաբերյալ:

 - Իսկ ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը մյուս կուսակցությունների` մասնավորապես «Ժառանգության» և ՀՅԴ-ի համար:

- «Ժառանգության»` անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի համար դա շատ ձեռնտու տարբերակ է: Նա ևս մեկ անգամ կփորձի իրեն առաջադրել որպես միասնական թեկնածու` ընդդիմադիր ուժերի համար: Իրականում այն մարդիկ, ովքեր հույսի նշույլներ են տեսել Ծառուկյանի դեպքում, այդ նույնը չեն տեսնի, եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի համար օգտագործի ամբողջ ամերիկյան բյուջեն: Այդ ազգանունների միջև անգամ մրցակցության դաշտ գոյություն չունի: Որևէ մեկը չի կարող հավատալ, որ մի նախկին ամերիկահայ կարող է Հայաստանը փոխել:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, դա առանձին զրույց է: Խոսում ենք մի կուսակցության մասին, որն իր 5-6 տոկոսը միշտ էլ ապահովում է: ՀՅԴ-ն այն կառույցն է, որ ի տարբերություն մյուսների, այդ թվում` գործող նախագահի, իր հեղինակությունն Արևմուտքում վերակենդանացնելու կամ ուշադրություն գրավելու կարիք չունի: Մամուլում տարածվել էր նաև այն տեղեկատվությունը, որ Սերժ Սարգսյանը հադիպել է նաև ՀՅԴ ղեկավարության հետ: Դա արդեն իսկ ցույց է տալիս, թե ԲՀԿ-ից հետո իշխող կուսակցությունը ում է տալիս նախապատվությունը: ՀՅԴ-ն ոչ տանուլ է տվել, ոչ էլ շահել է այն բանից, որ ԲՀԿ-ն խաղից դուրս է եկել: Նա կմնա իր դիրքում:

- Համամի՞տ եք այն տեսակետի հետ, որ ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ը կկարողանա դիրքերն ամրապնդել:

-Ոչ: Դիրքերը կարող է ամրապնդել միմիայն մեկ անձ. դա Լևոն Տեր- Պետրոսյանն է: Պիտի կրկնեմ Դավիթ Շահնզարյանի խոսքերը: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասաց` ՀԱԿ-ը չկա: Իսկապես, ՀԱԿ-ը գոյություն չունի` տարբեր պատճառներով: Ու ՀԱԿ-ից հենց ինքն է դուրս եկել` երբեմնի ամենակտիվ գործիչներից մեկը: Կան միայն առանձին խմբեր, խմբիկներ: ինչպես ուզում եք անվանեք: Եվ այդ խմբիկների պետը Լևոնն է: Մնացածը խաղից դուրս են:

-Շատերի կարծիքով՝ ընտրությունների ելքը կանխորոշված է: Գործող նախագահը մրցակից չունի: Կիսու՞մ եք այդ տեսակետը:

- Բնականաբար: Եթե միայն ֆորսմաժոր պայմանների չբախվենք: Դիցուք` դա կարող է լինել պատերազմի վերսկսման կամ ինչ-որ գլոբալ իրադարձությունների դեպքում: Միայն այդ պարագայում կարելի է կասեցնել սպասվող արդյունքը:
Միայն խելապակասի մտքով կանցներ փետրվարյան հեղափոխության օրը նշանակել նախագահական ընտրությունները: Դա հակաբոլշևիկյան ապստամբության օրն է: Գործող նախագահը թող պատժի այն անձին, ով ամսաթվերի դասավորությամբ է զբաղվում իր ապարատում: 

- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն հնարավոր համարու՞մ եք: 

- Ինչու ոչ: Եթե Լևոն Տեր- Պետրոսյանը վերադարձավ, ինչու Ռոբերտ Քոչարյանը չի կարող վերադառնալ: Բայց որևէ մեկը հարցրե՞լ է, թե Ռոբերտ Քոչարյանն ինքը ցանկություն ունի վերադառնալու քաղաքական կյանք: ինչքան ես եմ հետևում, կարդում, դեռևս նա այդպիսի հստակ որոշում չի կայացրել: Չի հայտարարել, որ որոշել եմ վերադառնալ: Ես, համենայնդեպս, նման բան չեմ հիշում: Հակառակի մասին շատ եմ կարդացել: Վերապահումով ասածներն ել եմ հիշում, թե ինքը կգա միայն այն ժամանակ, երբ կզգա, որ դրա պահանջը կա: Այնպես որ ես վերադարձը հավանական եմ համարում: Բայց միայն այն ժամանակ, երբ ինքը որոշի, որ ժամանակը եկել է: Նա բավական ինքնաբավ մարդ է` մտավոր ունակությունների տեսանկյունից և չի սպասի որևէ մեկի խորհրդին: Կվերադառնա, երբ կցանկանա, երբ կհամարի, որ պահը հասունացել է:

Հարցազրույցը` Հասմիկ Գյոզալյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին