ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:
«Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»,-նշել է խոսնակը:
Հավելենք, որ ավելի վաղ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին` ասելով հետևյալը.
«Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է: Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ ա՛յս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին: