«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություներով` ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է երեք ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Իսկ թե ովքեր կլինեն նրանք, դեռեւս գաղտնի է պահվում:
Ըստ տարածված խոսակցությունների` քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից այս օրերին համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտյալի դեպքում հնարավոր կլինի ներում շնորհել` հաշվի առնելով նրա` ազատազրկման մեջ գտնվելու տարիների վարքագիծը եւ մի շարք այլ գործոններ:
Չի բացառվում, որ այդ թվում լինեն ՀՅԴ-ականներ Արսեն Արծրունին ու Արմենակ Մնջոյանը, որ 90-ականներին Սերժ Սարգսյանի` ԱԱԾ նախարար եղած ժամանակ ձերբակալվել էին «Դրո»-ի եւ «30+1» գործի շրջանակներում ու ցմահ դատապարտվել` բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու համար:
Արծրունին ու Մնջոյանն այս ընթացքում մի քանի անգամ արդեն դիմել են Սերժ Սարգսյանին: Չի բացառվում. այս հարցում ակտիվ են նաեւ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ականները, որոնք ժամանակին այս գործերի շրջանակներում դատապարտվել էին, բայց 1998թ. իշխանափոխությունից հետո իրադրության փոփոխության պատճառով ազատ արձակվեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում