Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ. այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցության ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
«Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:
Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո:
Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը»,–ասվում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: