«Ժամանակ» թերթը գրում է. «Դատելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության ֆունկցիոնալ բաժանումների, ավելի շուտ ֆունկցիոնալ համակենտրոնացման մասին օրենսդրական նախաձեռնություններից, Սերժ Սարգսյանի ապրիլյան վարչապետությունը ստանում է միս ու արյուն: Այդուհանդերձ առանցքային հարց է մնում այն, թե ինչպես պետք է ձեւակերպվի այդ վարչապետությունը, այսինքն ինչպես պետք է ձեւակերպվի Սարգսյանի առաջադրումը Կարեն Կարապետյանի փոխարեն, եթե Կարապետյանը հայտարարում է, որ գերազանցում է անգամ սահմանված ցուցանիշները: Այստեղ թվում է, թե խնդիրը տեխնիկական է, եթե արդեն կա քաղաքական որոշումը: Սակայն առաջին հայացքից տեխնիկական թվացող խնդիրն իրականում ունի նրբերանգներ, առնվազն այն առումով, թե արդյոք այդ բացատրությունը պահանջելու է ընդամենը ինչ որ մեկի համարձակություն եւ երեւակայություն, թե՞ պահանջելու է նաեւ իրավիճակների ստեղծում:
Այսինքն, Սերժ Սարգսյանը կանգ է առնելու իր վարչապետությունը բացատրելու եւ հիմնավորելու միայն տեքստային տարբերակի կամ այսպես ասած «քաղաքագիտական վերլուծությա՞ն» վրա, թե՞ Սարգսյանը փորձելու է ստանալ առավել լեգիտիմ եւ համոզիչ արձագանք հանրության շրջանում ու գնալ իրավիճակներ ստեղծելու միջոցով բացատրվելու տարբերակին: Իսկ այդ տարբերակն ընտրելու դեպքում էլ առաջ է գալիս հարց, թե ինչպիսին է լինելու «պրոֆիլի» ընտրությունը՝ դա լինելու է տնտեսություն, սոցիալական լարման աճ, թե՞ անվտանգություն: Ընդ որում, անվտանգություն ասվածն անշուշտ չի սահմանափակվում միայն արցախյան խնդրով եւ առաջնագծով:
Ի վերջո կա նաեւ ներքին անվտանգության խնդիր եւ այդ մասով թերեւս արժե հիշել կամ պետք չէ մոռանալ, թե ինչ շեշտադրումներ է արել Սերժ Սարգսյանը վերջին շրջանում Անվտանգության խորհրդի նիստում եւ ԱԱԾ-ում: Խոսքն ահաբեկչության դեմ պայքարը ակտիվացնելու մասին է, այդ հարցում նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին, որի վերաբերյալ անվտանգության խորհրդում բարձրաձայնել է Սերժ Սարգսյանը: Այլ կերպ ասած, նա դեռեւս մի քանի շաբաթ առաջ պատից կախել է մի հրացան, որը դրամատուրգիայի ժանրի կանոնների համաձայն ինչ որ պահի պետք է «կրակի»:
Իհարկե հրացանները մեկը չեն եւ Սարգսյանն այդ իմաստով թողել է իր համար ընտրության հնարավորություն, ինչով սակայն գործնականում ընտրության հնարավորություն չի թողել որեւէ այլ մեկի: Մնում է տեսնել, թե ժանրի կանոններով հատկապես ո՞ր հրացանն է «կրակելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում