ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները։ Դիտարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստան ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումների վերաբերյալ»,– Facebook-ի իր էջում գրել է Աշոտյանը։
Հավելենք, որ 44-օրյա պատերազմում գերեվարված ու անհետ կորած զինծառայողների հարազատները, որ առավոտվանից ցույց էին անում կառավարության շենքի դիմաց, հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո նրանք նշել են, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են հանդիպել ԱԱԾ տնօրենի հետ։
Ծնողներից մեկը հավելեց, որ մինչև չգտնեն իրենց երեխաներին, վարչապետի հետ հանդիպումները լինելու են շարունակական։ Այս պահին էլ, մի խումբ ծնողներ, շարունակում են մնալ կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք՝ ռազմագերիների ու անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Որոշ ժամանակ շենքի մոտ սպասելուց հետո, վարչապետն ի վերջո ընդունել է նրանց։
Մի քանի ծնողներ էլ նշեցին, որ Կառավարությունից պահանջում եմ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ պաշտոնյաներ ծնողներից են ինֆորմացիա ստանում և իրավիճակին չեն տիրապետում։
Ծնողներն ասացին, որ Կառավարության շենքում են մնալու այնքան ժամանակ, մինչև իրենց հարցերին պատասխաններ տրվեն.
«Յոթ ամիս է տանում, բերում են, բայց ոչ մի բան։ Այստեղ գնացեք, այնտեղ գնացեք, գնացեք ԴՆԹ-ների հետազոտման կենտրոն։ Ոչ մեկ ճիշտը չի ասում։ Յոթ ամիս է սպասում ենք, իրենց համար հեշտ է, իրենց երեխաներն իրենց կողքին են»,– վրդովմունք է հայտնում ծնողներից մեկը։