Ոչ վաղ անցյալում, երբ ռուսական պաշտոնյաները սկսեցին խոսել ՀՀ-ԼՂՀ մաքսային կետի առկայության անհրաժեշտության մասին, որպես պայման ՀՀ ՄՄ անդամակցության, Հայաստանի տարբեր պաշտոնյաներ բազմիցս հայտարարեցին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ չի կարող տեղադրվել: Մասնավորապես, ՀՀԿ խոսնակ Էդիկ Շարմազանովը՝ մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Անտոն Ազարովի այն հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միության սահմանն անցնելու է Հայաստանի գոյություն ունեցող սահմաններով ասել էր,թե Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք են, և Հայաստանն առավելագույնս աջակցում է և կաջակցի Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացմանը: Նրա ասելով, Ազարովն այն մակարդակի պաշտոնատար անձ չէ, որը կարող է իրեն թույլ տալ նմանօրինակ հայտարարություններ: Այսօր արդեն Նազարբաևի` ԵվրԱզԷս-ի կնքահայրերից մեկի բերանով հնչած ձևակերպումները, որ ըստ էության կրկնում են Ազարովի խոսքերը, փաստում են, որ Էդիկ Շարմազանովը սխալվում էր, այո, սխալվում. Ազարովը հստակ ասաց մի միտք, որը, եթե մարդն ունի դիվանագիտական հոտառություն ու քաղաքական հեռատեսություն, պետք է որսար ու սկսեր հակաքայլերի ռազմավարություն մշակել և ոչ թե գլուխգովանություն անել կամ հույսը դնելով սեփական "քաջնազարյան" բախտի վրա` ամպագոռգոռ ճոռոմաբանել, ասես թե Շվեյցարիան է ներկայացնում և ոչ թե կիսաքանդ Հայաստանը: Այո պարոն Շարմազանով, դիմում եմ Ձեզ, որովհետև իշխող քաղաքական ուժի խոսնակն եք ու այս դեպքում հավաքական կերպար ողջ ՀՀԿ-ի, Դուք սխալվեցիք հերթական անգամ, Ձեր քաղաքական հեռատեսությունն ու դիվանագիտական հոտառությունը, նկատի ունեմ Ձեր ողջ քաղաքական թիմի, Սերժ Սարգսյանն էլ հետը հաշված, հերիքում է միայն հանգստյան օրերին կամ գիշերով նախարարներ նշանակելու համար` իտալական մաֆիայի մասին պատմող հոլիվուդյան ֆիլմերի ավանդույթների ու տրամաբանության համեմատ: Տեսնում եք, թե ինչի բերեց Ձեր նախաձեռնողականությունը, միանձնյա որոշումներ կայացնելու, աշխարհաքաղաքական համակարգերին անդամակցել-չանդամակցելու հարցերը թղթախաղում հաղթելու կամ պարտվելու արդյունքներով պայմանավորված որոշելու քաղաքականությունը .... հիմա տեսնում եք, որ Ձեր քաղաքական առաջնորդը ի դեմս Սերժ Սարգսյանի տանուլ է տալիս քաղաքական այս "պոկերը" կամ "ռուսական ռւոլետկան", որի խաղադրույքը Հայաստան-Արցախ կապն է` իր բոլոր հետևանքներով հանդերձ, ի դեպ այն նույն Արցախի, որն ազատագրվել է Ձեր քաղաքական առաջնորդի բառերով բնորոշած "նվնվացող" ազատամարտիկների կողմից: Ու ինչ եք անելու հիմա, Դուք, ամբողջ թիմով. ինչքան եք շարունակելու տեղեկատվական վակուում անել Ձեզ պատկանող տեղեկատվական ռեսուրսներով, մինչև Երրևանի վերջնական կապիտուլյացիան .... այդ դեպքում դեռ մի որոշ ժամանակ էլ կարող եք վայելել կերակրատաշտը:
Սերժ Սարգսյանը տանուլ է տալիս այս քաղաքական «ռուսական ռուլետկան»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet