ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիտը հետաձգվեց։ Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 15։00-ին։
Սերժ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը պարզաբանեց, որ Սարգսյանը բացակայում է, քանի որ դատարանը դեռևս չի կարողացել ապահովել անվտանգության կանոնները:
Չներկայանալու պատճառներից մեկն էլ, ըստ փաստաբանի, նրան ուղեկցելու հետ կապված տեխնիկական խնդիրներն են:
Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը:
Դատական նիստին չէր ներկայացել նաև Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Նախագահող դատավորին ուղղված գրությամբ Մակինյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի կասկածով այսօր առավոտյան դիմել է «Նաիրի» ԲԿ, հանձնել է թեստ, որի պատասխանն առայժմ չի ստացել։
«Ուստի իմ դատական նիստին չներկայանալը համարել հարգելի»,- նշել էր Մակինյանը, գրության մեջ ներառելով նաև պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի, հիվանդների թիվն ավելանում է։
Փաստաբանը նշել էր, որ դատարանում օբյեկտիվորեն չի կարող ապահովել պարետի որոշմամբ սահմանված պահանջները, որոնց դեպքում հնարավոր կլինի պահպանել սոցիալական հեռավորություն։
Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Հավելենք, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել․
«Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվան անհարկի շահարկմանը, հարկ ենք համարում շեշտել, որ հասկանում ենք Ծառայության ձգտումները news-երն ավելի top ներկայացնելու առումով, սակայն կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում», - ասված է հայտարարության մեջ: