Ներկայացնում ենք ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող
կայքի նոր հրապարակումը2012 թվականի օգոստոսի վերջին, երբ Հունգարիան որոշում կայացրեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանը հրավիրեց արտակարգ խորհրդակցություն, որտեղ արվեցին պահի համար անհրաժեշտ հայտարարություններ:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանն այդ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ դիվանագիտական կառույցներին պետք է համապատասխան ցուցումներ տրվեն:
«Հաջորդը ես կարծում եմ, որ արդեն վաղը պետք է նամակներ պատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Պետք է համապատասխան ցուցումներ տալ մեր դիվանագիտական բոլոր կառույցներին: Ես արդեն կապվել եմ մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ, և իմ համոզմամբ նաև արտերկրում մեր ժողովուրդը պետք է գնահատական տա: Հունգարիայի իշխանությունները պետք է հասկանան, որ կոպիտ սխալ են կատարել»,- մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:
Անշուշտ, ՀՀ նախագահի այս հայտարարությունը ենթադրում էր, որ Հայաստանի դիվանագիտական համակարգը պետք է որոշակի գործողություններ կատարեր, որպեսզի Սաֆարովի արտահանձնման փաստը ոչ միայն արժանիորեն դատապարտվեր, այլև կանխվեր դրա նախադեպ դառնալը:
Ուշագրավ է նաև, որ նույն խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հատուկ կերպով դիմեց Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին: «Գորիկ Գուրգենիչ (ՀՀ ԱԱԾ տնօրեն), խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ` հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու», – ասաց Սարգսյանը Հակոբյանին՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե հայկական հատուկ ծառայությունները ուր որ է ոչնչացնելու են Սաֆարովին, պայթեցնելու են Հունգարիայի նախագահի աշխատավայրը և այրելու են Ադրբեջանի դրոշը Բաքվում:
Սակայն դա տեղի չունեցավ: Սաֆարովի արտահանձնումը իհարկե դատապարտվեց, բայց ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները դարձավ Բաքվի պահանջով երրորդ երկրներից մարդկանց արտահանձնելու լուրջ նախադեպ: ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դրա վառ ապացույցն էր, երբ պաշտոնական Երևանը իրավական կամ ավելի շուտ անիրավական գործընթացի ողջ ընթացքում լռեց ու չլծվեց Լապշինի գործը միջազգային քաղաքական օրակարգի թեմա դարձնելու գործին:
Փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը կամ չի տվել ցուցումներ դիվանագիտական կառույցներին, կամ վերջիններս են թերացել իրենց աշխատանքում: Ավելին, կամ Գորիկ Հակոբյանին տված «հատուկ» հանձնարարությունը իրականում ինչ-որ աննշան բան է եղել, կամ էլ պարզապես չի կատարվել: