▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա ՀԱԿՈԲՅԱՆ. «Իմ կամեցողությունն ու բարությունը ԿՆՎԻՐԵԻ ԹՇՆԱՄՈՒՍ...»

Asekose.am և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգչուհի Սիլվա Հակոբյանը

 -  Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

-  Սկզբում ընդունակությունը,  իսկ հետո աշխատասիրությունը: Եթե դու ընդունակ ես քո ընտրած աշխատանքը կատարել բարձր մակարդակով, ապա դրա համար առաջին հերթին աշխատասիրություն է պետք ունենալ և ձգտում:

-  Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

-  Դրանք մի քանիսն են, բայց վերջերս կայքերից մեկում ընթերցեցի մի միտք,որն ինձ շատ դուր եկավ, և այն, նույնպես, կարող եմ համարել իմ կյանքի ուղեցույցներից մեկը. «Ամենակարևորը կյանքում ԸՆՏԱՆԻՔՆ Է... կարիերան տանը քեզ չի սպասի, փողերը արցունքներդ չեն մաքրի, իսկ իշխանությունը գիշերը քեզ չի գրկի…»

-  Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

- Կամեցողությունն ու բարությունը:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:

-  Ոչ միշտ է պետք շարժվել ներքին բնազդներով: Կան արժեքներ, որ գումարով ձեռք բերել չես կարող և դրան պետք է հասնես` սեփական ԵՍ-դ պահպանելով: Ամենակարևորը` երբեք չվաճառես հոգիդ:

Ի՞նչ է Ձեզ համար փողը:

-  Փողը պետք է հարգել իմանաս: Այն պիտի լինի չափավոր և բավարարի քո ցանկություններն ու երազանքները իրականացնելու համար: Բայց նաև կա մի տեսակետ, ըստ որի`  երջանիկ լինելու համար փողը պետք է միշտ չհերիքի: Բայց իմ ցանկությունն է, որ մեր երկրում  յուրաքանչյուրս ապահովված լինենք լավ և փողաբեր աշխատանքով , վաստակենք մեզ անհրաժեշտ  գումարը` մեր իսկ քրտինքով: Դա մեկ ուրիշի հաշվին ապրելուց առավել քան հաճելի է:

-  Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:

-  Չեմ ցանկանա, որ երբևիցէ նման փաստի առաջ կանգնեմ: Բայց եթե նման բան լինի, ապա ես պատրաստ եմ իմ կյանքը վտանգել ոչ թե մեկ, այլ մի քանի հոգու համար…

Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

-  Մանկությանս ամենամեծ վախը եղել է իմ ստվերը: Նրանից ամենաշատը վախեցել եմ այն ժամանակ, երբ դրսում քայլելիս եմ եղել: Ինձ միշտ թվացել է, որ ինչ-որ մեկը հետապնդում է ինձ:

-  Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:

-  Շնիկիս՝ Գուչոյի կորուստը:

Դեպք ,  որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:

- Իմ անցած դժվարին ճանապարհը: Եթե չհիշես անցյալդ, չես կառուցի ոչ՛ ներկադ, և ոչ՛ էլ ապագադ:

Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

-  Դրանք բնականաբար իմ ընտանիքի անդամներն են և ինձ հարազատ մարդիկ:

Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

- Կցանկանայի լինել այն, ինչ որ կամ: Հաստատ կընտրեի երգչուհու մասնագիտությունը և այն թանկ մարդկանց նեկայությունը, որոնցով հիմա շրջապատված եմ ու երջանիկ եմ:

Եթե ռեփեր լինեք,  Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:

- Չէի բողոքի, բայց ինձ հետ կապված որոշ հարցերի պատասխաններ կտայի:

-  Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

-  Զայրացրել է այն, որ ինձ հաճախ  ամուսնացնում են իմ մտերիմ ընկերների հետ: Վերջերս էլ նման մի բամբասանք տարածվեց իմ ու իմ լավագույն ընկերոջ՝ Սարգիս Ավետիսյանի վերաբերյալ,  ինչը բնականաբար չի համապատասխանում իրականությանը. այս լուրն  ինձ մոտ անգամ ծիծաղ առաջացրեց…

Հեղինակ՝ Քրիստինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին