Սիլվա Հակոբյանն իր երկրպագուների համար նոր անակնկալ ունի:
Երգչուհին օրերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ բուռն աշխատանքային օրեր է ունեցել:
Սիլվան համագործակցել է ամերիկյան «Two Guyz» խմբի հետ, որի անդամները երգչուհուն առաջարկել էին զուգերգով հանդես գալ: «Ճիշտն ասած, մեզ դեռ վաղուց էին գրել էլ. փոստով, ուղղակի մենք նամակը բավականին ուշ տեսանք և արձագանքեցինք: Տղաներն ինձ ուղարկեցին երգը, որն R&B ոճում է, շատ հավանեցի այն, այստեղ ձայնագրվեցի իմ հատվածներն ու ուղարկեցի նրանց»,- esyes.am-ին ասել է Սիլվան և հավելել, որ համագործակցությունը շատ հեշտ է ստացվել:
Երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու համար երգչուհին հոր և ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ մեկնել է ԱՄՆ: Թեև նկարահանումները 1 օր են տևել, նրանք ստիպված են եղել 14 օր անցկացնել ԱՄՆ-ում. «Մենք օրեր առաջ էինք գնացել, որպեսզի տեսահոլովակի սյուժեն որոշեինք: ԱՄՆ-ը շատ օրինական երկիր է և սյուժեի առումով ստիպված եղանք որոշ փոփոխություներ անել: Նկարահանումները սկսեցինք առավոտյան 6-ին և ավարտեցինք երեկոյան 10-ին: Շատ ցուրտ էր, մի քիչ էլ հոգնել էինք, բայց դիմացանք»,- պատմել է Սիլվան և հավելեց, որ 4 կերպարով է հանդես եկել:
Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը դեռ ԱՄՆ-ում է, որտեղ տեսահոլովակի մոնտժային աշխատանքներն են իրականացնում Քրիս Դամամյանի հետ: Այն պատրաստ կլինի նոյեմբերի 29-ին, սակայն տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել երգչուհին չի շտապում. «Հնարավոր է, պահենք ամանորյա թոհուբոհից հետո ցուցադրենք: Դեռ վերջնական չենք որոշել»:
Տեսահոլովակը կպտտվի նաև Ամերիկայի հայկական հեռուստաալիքներով:
«Two Guyz» խմբում աշխատում են ամերիկաբնակ հայ երիտասարդներ` Վահանը, Կարոն և Մայքը (վերջինս երգում ռեփ է կարդում: Սիլվան պատմեց, որ 6-րդ անգամ է ԱՄՆ-ում: Երգչուհին նշեց, որ շատ է սիրում ԱՄՆ-ը և միշտ մեծ հաճույքով է գնում այնտեղ. «Ինձ համար ԱՄՆ-ը մոգական երկիր է: Չնայած այս անգամ տանից շատ դուրս չեմ եկել և նոր տեղեր չեմ այցելել՝ շատ լավ հանգստացա, այսպես ասեմ` ռելաքս եղա: Հիանալի և անմոռանալի օրեր եմ անցկացրել: Ես սիրահարված եմ այդ երկրին: Կարծում եմ` նրանք, ովքեր լինում են այնտեղ, սիրահարվում են ԱՄՆ-ին»:
Թեև Սիլվան 14 օր է եղել ԱՄՆ-ում, լուսանկարներ միայն նկարահանումների օրերից ունի: «Ամեն անգամ ինձ հետ ֆոտոապարատ եմ վերցնում և չեմ նկարվում»,- esyes.am-ին խոստովանել է Սիլվան:
Սիլվա Հակոբյանն ԱՄՆ-ում կայացած «Armenian Golden Star» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն երգչուհի», ինչի առիթով շատ էր ուրախացել: Երգչուհին նշել է, որ միջոցառումը շատ լավ է անցել. «Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց ամերիկահայերն ինձ շատ են սիրում: Ամեն անգամ այնտեղ ելույթ ունենալուց հետո համոզվում եմ, նրանք ինձ շատ ջերմ են ընդունում»: