▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրտս երգում է իսկապես... ». Հասմիկ Կարապետյան

Մեր շոուբիզնեսում դեռ հանդիպում են մարդիկ, ովքեր հեռու են «աստղամոլությունից», մարդիկ, ովքեր արվեստում լինելու համար երկար ճանապարհ են անցել, բայց միշտ մնացել են համեստ ու պարզ:  Asekose.am-ի թղթակցի զրուցակիցը  նրանցից մեկն է` երգչուհի  Հասմիկ Կարապետյանը, ով իր յուրատիպ ձայնով, իր անկեղծ մարդկային դիմագծով գրավել է հանդիսատեսին: Հասմիկը բազմաթիվ երկրպագուներ ունի նաև սոցիալական ցանցերում. աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ իրենց հարգանքն ու սերն են արտահայտում, ուրախանում են նրա` թե' գործնական, թե' անձնական հաջողություններով, ծանոթանում նորություններին. իսկ երգչուհին երբեք առիթ չի տալիս ձանձրանալու` երգեր ու տեսահոլովակներ, նոր լուսանկարներ, հարաբերություններ, հետաքրքիր գրառումներ....

Հասմիկ Կարապետյանը մեզ հետ զրուցել է անձնական   ու ստեղծագործական նորությունների,  երգարվեստի ու կյանքի մասին առհասարակ:

                                                        

Այցեքարտ. 

Երգել եմ փոքրուց, բայց արհեստավարժ բեմ բարձրացել եմ 16 տարեկանում. «Արձագանք» ստուդիայում Եղիշե Պետրոսյանի և Արտավազդ Բայաթյանի օգնությամբ սկսեցի առաջին քայլերս, որտեղ 2 տարի աշխատելուց հետո և արդեն որոշակի ճանաչում ունենալով` որպես հեղինակ– կատարող` մուտք գործեցի Երգի Պետական թատրոն: Այստեղ Արթուր Գրիգորյանը կրթեց մեզ որպես երգչի և որպես մարդու նաև:

Ապա կյանքի ուղիներն ինձ տարան ԱՄՆ.

Այնտեղ ձայնագրեցի առաջին ձայնասկավառակս` «Անձրև», Հրաչ Քեշիշյանի հետ համագործակցությամբ նկարահանեցի տեսահոլովակներ «Անձրև», «Ես չկամ» երգերի հիման վրա:  

ԱՄՆից վերադարձա, և իմ կյանքի մի շրջադարձ ինձ ստիպեց ամեն բան սկսել սկզբից` զրոյից.

Բայց այդ պահն ինձ օգնեց գիտակցել, որ ես ուժեղ եմ, ինքնուրույն… Իմ նոր ճանապարհը սկսեց «Ես գնում եմ սիրելիս» երգով, ապա ծնվեցին «Այս բեմում», «Հոգիս», «Չթողնենք», «Երբեք չես իմանա» և այլ երգեր: Բազմաթիվ համերգներով հանդես եկա ՀՀ–ում և արտերկրում`հայ համայնքների հրավերներով` Լիբանան, Բելգիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Իրան, Սիրիա, Իսպանիա…: Ամենուր զգացել եմ հանդիսատեսի ջերմությունն, ինչն ինձ համար ամենամեծ գնահատականն է:

 

- Հասմիկ, ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանի ստեղծագործական դադարը: Սա արդյոք դադար է միայն նոր թռիչքից առա՞ջ. նոր երգե՞ր, գուցե նաև տեսահոլովա՞կ է պատրաստվում:

-Այո, ստեղծագործական դադար ամենևին չկա, պարզապես հանրությանը դեռ չեմ հանձնել նոր երգերս...Ինձ  մոտ լռելու շրջանն է եկել. Լռել եմ, որ հոգուս նոր կուտակումները երգերի տեսքով նվիրեմ իմ շատ սիրելի հանդիստաեսին... առայժմ աշխատում եմ. ես և Դեր Հովան մեր՝ թվով երկրորդ զուգերգն ենք պատրաստում, որի տեսահոլովակն էլ շատ չի ուշանա:

-«Շոուբիզնեսի» կարծեք թե երկրորդ բաղադրիչն է այսօր գերակշռում մեր երգարվեստում. ինչպե՞ս եք վերաբերվում արվեստում` «բիզնեսին» կամ կոմերցիային այսչափ կարևորություն տալուն:

-Հայաստանում կոմերցիա կոչվածը շատ հարաբերական է և, ցավոք սրտի, ոչ այդքան որակյալ: Բացասական եմ վերաբերվում հատկապես այն երգիչներին, ովքեր շատ մեծ կարևորություն են տալիս կոմերցիային`մոռանալով, որ նախ մեղեդու ու երգի մասին պիտի հիշել...Որակով կոմերցիա էլ  կարելի է ստեղծել: Շատերս ցանկություն ունենք մեծ գումարներ վաստակելու. երգն էլ, բացի սիրված գործ լինելուց նաև մեր աշխատանքն է, սակայն պետք չի այդչափ իջնել:  Երգարվետսում տիրող այժմեական քաոսն ինձ շատ է նյարդայնացնում...Գույներն են պակասել, անհատականություններն են գնալով վերանում....

-Գարունը զարթոնքի, ծաղկումի ու  նոր զգացողությունների շրջան է, անգամ Ձեր ֆեյսբուքյան էջին է յուրահատուկ գարնանային տրամադրություն իջել` յուրատիպ արձագանքներով` «Արևոտ հոգի», «Գարուն», «Օդում գարունն է». Ի՞նչ նոր ակնկալիքներ ունեք այս գարնանից, մանավանդ, որ հենց ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ գարնանային առաջին ծաղիկները ստացաք Շանթ Կիրմիզյանից, ում հետ ձեր հարաբերությունները   շատերի ուշադրության կենտրոնում են:

-Գարունը նոր սկիզբ է բոլորիս համար. անչափ ջերմացել է հոգիս արևի շողերից, սիրտս երգում է իսկապես: Ես երջանիկ եմ, բայց շատ չեմ սիրում խոսել անձնականիս մասին. շատերն են հետևում իմ և Շանթի հարաբերություններին  ու  կարծում եմ, ավելին ասել, պետք էլ չէ: Կարևորն այն է, որ կյանքը շարունակական ընթացք է ու այն պարգևում է բազմաթիվ հետաքրքիր ու դրական զգացողություններ:

-Մայրության ու կանանց տոնին ընդառաջ. կնոջ երջանկության գաղտնիքն ու «մայր» լինելու կարևոր առաքելությունը քեզ համար:

-Նախ` սիրով ողջունում եմ մեր կանանց ու աղջիկներին` մաղթելով սեր և անմոռանալի երջանիկ պահեր: Կարծում եմ, ամեն կին ունի իր երջանկության գաղտնիքը, բայց մայր լինելու առաքելությունը ամենից կարևորն է յուրաքանչյուրի համար: Կինը պետք է իրեն սիրված զգա` վստահ լինելով, որ իր կողքի տղամարդն ունակ է գնահատելու նրա նվիրվածությունն ու սերը: Կնոջն անհրաժեշտ է ինքնաարտահայտում, ինքնառեալիզացում և, իհարկե, ամուր, առողջ ընտանիք:

-       Այս մաղթանքները սիրով փոխադարձում ենք նաև քեզ ու վստահ ենք, որ   երջանկությունը իր բոլոր գույներով կփայլի քո «արևոտ հոգում»:

 Վերջում` բլից հարցեր`

-Ես հավատում եմ ում կամ ինչին

 Աստծուն, Արդարությանը

-Ես չեմ ներում ...

- Դավաճանությունը, կեղծիքը:

-Ես վախենում եմ...

 Սխալվելուց նաև ծերանալուց:

-Ես սպասում եմ...

-Արդարությանը...

Շնորհակալություն...

 

Զրուցեց  Զարուհի Դիլանյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին