«Շաբաթ օրը տեղի ունեցած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում, ըստ էության, սկանդալային փաստ է արձանագրվել: Իրեն արմատական ընդդիմություն որակող, գլխավոր նպատակն «ավազակապետության կազմաքանդումը» հռչակած կուսակցության ղեկավար մարմնի` վարչության անդամ է դարձել «Արմենիա» բժշկական կենտրոնի, կամ, ինչպես հանրության լայն շերտերին է հայտնի, Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 1991 թվականից: Վերջինս վարչության անդամ է առաջադրվել ՀԱԿ կազմկոմիտեի կողմից: Հետաքրքիր է, որ ՀԱԿ վարչության կազմում է ընդգրկվել նաև այդ հիվանդանոցի բաժնետեր համարվող նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ հիվանդանոցի ամենամեծ բաժնետերը համարվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ինչո՞ւ է Գրիգորյանը որոշել ընդգրկվել ընդդիմադիր կուսակցության վարչության ղեկավար կազմում, արդյո՞ք նա դրանով կվնասի իր բիզնեսին, թե՞ ընդհակառակը` կապահովագրի այն: Այս հարցերի վերաբերյալ կան տարբեր մեկնաբանություններ: Փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀԱԿ կուսակցության պաշտոնական գաղափարախոսություն հռչակված բուրժուադեմոկրատական հեղափոխությունն արդեն իսկ շոշափելի արդյունք է տվել, այդ կուսակցությանը հաջողվել է ավազակապետությունից պոկել խոշոր բուրժուազիայի ևս մեկ ներկայացուցչի, ում չի վախեցրել ոչ միայն, Լ. Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ` բուրժուազիայի նախկին ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանին արդեն իսկ պատուհասած աղետը` սնանկացումը, այլ անգամ նույն Տեր-Պետրոսյանի չարագուշակությունը` բուրժուազիայի գործող ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանի ապագայի վերաբերյալ»,- գրել է «168 ժամը»:
Սկանդալային փաստ. «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենը անդամագրվել է ընդդիմադիր ՀԱԿ-ին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet