▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկզբում դիակները թողնում էին, հիմա արդեն դրանք էլ են իրենց հետ տանում. ի՞նչու և ի՞նչ նպատակով են Բյուրեղավանում սպանում շներին

«Բյուրեղավանում արդեն 4-րդ գիշերն է, ինչ կրակում են շների վրա, մասնավորապես՝  ստերջացված շների»,- այս մասին Asekose.am-ին հայտնեց «Դինգո թիմ» կենդանիների իրավունքների պաշտպանության հ/կ-ի համակարգող, կամավոր Գոհար Մանուշակյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ բացի այս շներից, կրակել են նաև սեփականատերեր ունեցող շների վրա, որոնք, լսելով կրակոցների ձայները, դուրս են վազել տներից.

«Առաջին երկու օրերը կրակողները սպանված շների դիակները թողնում էին փողոցում, սակայն վերջին երկու օրերին բացի սպանելուց, դիակներն էլ են իրենց հետ տանում: Այս առիթով կապ հաստատեցի համայնքապետարանի հետ, որտեղից նշեցին, որ սպանդն իրականացնողներն իրենց որսորդները չեն, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ է կատարվում»,- ասաց Գահոր Մանուշակյանը:

Ըստ տեղեկությունների՝ սպանված շների քանակը տասից ավել է: Հարցին՝ արդյո՞ք ձեռնարկված միջոցների արդյունքում արդեն պարզ է դարձել, թե ովքեր են կրակում և սպանում շներին, Գոհար Մանուշակյանը պատասխանեց.

«Դեռ ոչինչ հայտնի չէ: Բնակիչները շներին կրակելու պահին չեն զանհագարել ոստիկանություն, ճիշտ չեն կողմնորոշվել, թե ինչ անեն, ինչի պատճառով էլ դեռ ոչինչ պարզել չի հաջողվել: Թեպետ նշեմ նաև, որ եթե անգամ ոստիկանությունը ժամաներ, Էջմիածնի օրինակով ասեմ, ոչինչ չէր անի, քանի որ այդ ժամանակ էլ ոստիկանությունն անգամ չբարեհաճեց մեր կողմից ուղարկված հաղորդմանը որևէ կերպ արձագանքել: Գործը կարճում են, լիարժեք անարգանք են ցույց տալիս, թքած ունեն այս ամենի վրա»,- նկատեց Գոհարը:

Ինչպես տեղեկացրեց վերջինս, այսօրվանից սկսած՝ համապատասխան մարդկանց կողմից սահմանվելու է հերթապահություն, որոնք շրջելու են փողոցներով և որևէ բան տեսնելուց նկարելու և ոստիկանություն են կանչելու.

«Հակված եմ հավատալու, որ համայնքապետարանը որևէ կապ չունի այս ամենի հետ, ինչպես որ իրենք են նշում: Բայց հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է իրականացնում այս ամենը և ի՞նչ նպատակով, և ինչո՞ւ են կրակում հատկապես ստերջացված շների վրա: Համայնքապետարանը բյուջեից գումար է հատկացրել կենդանիների վիրահատության և պատվաստման համար, սակայն այսօր այդ շներին սպանում են: Եթե հետ գնանք, ապա կհիշենք, որ Էմիածնում սպանված շների 98%-ը ևս ստերջացված շներ էին»,- նկատեց  ​​​​​Գոհարը:

Իսկ այն հարցին, թե Բյուրեղավանում առաջին դե՞պքն է, որ նման բան է տեղի ունենում, Գոհար Մանուշակյանը պատասխանեց.

«Թափառող շների ստերջացման ծրագրի ընդունումից հետո, այո, առաջին դեպքն է, իսկ մինչ այդ, իհարկե, ոչ. տարիներ շարունակ լուրջ սպանդի միջոցով են փորձել այդ հարցը լուծել, ինչպես որ բոլոր տեղերում, բայց, բնականաբար, չեն կարողացել լուծել, որովհետև սպանելով գլխաքանակի հարց չեն կարող լուծել: Հակառակաը, մասսայական ստերջացումը կարող է գլխաքանակի հարց լուծել:

Մինչև վերջին 4 օրը բոլոր կենդանիները կենդանասերների ուշադրության կենտրոնում են եղել, նման խնդիր չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց «Դինգո թիմ» կենդանիների իրավունքների պաշտպանության հ/կ-ի համակարգող, կամավոր Գոհար Մանուշակյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին