Սոնա Շահգելդյանը դեռեւս չի պատրաստվում հարսի շոր հագնել, բայց վաղուց մտադրված էր իր համանուն երգի տեսահոլովակը նկարահանել, որն իրականացրել է երկու օր առաջ:
Մանե Հակոբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած «Հարսի շոր» երգը, Սոնայի փոխանցմամբ, հասցեատեր ունի.«Մի զույգի է նվիրված: Այն ինձ էլ է հաջողություն բերում, քանի որ հարսանիքներին երգելու հրավերներ եմ ստանում: «Հարսի շոր»-ն ավելի կսիրվի, երբ տեսահոլովակով մարդիկ հարսանեկան ծեսը տեսնեն»: Գրում է Բրավո.am-ը:
Նկարահանումների ժամանակ երգչուհին զգեստափոխվել է երեք անգամ` կրելով ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու խորհրդով եւ երիտասարդ մոդելավորողների կողմից կարված զգեստներ: Նրա տեսահոլովակի ստեղծման վրա աշխատել է մեծ թիմ` 40 հոգուց ավելի մարդ:
«Ռեժիսորի հետ քննարկելուց հետո հասկացանք, որ պետք է հին հայկական հարսանիքի ծեսը ներկայացնենք: Երկու տարվա երգ է, վաղուց էինք պլանավորում նկարել, բայց անընդհատ հետաձգվում էր. թող ուշ լինի, նուշ լինի»,-նշել է երգչուհին:
Երգչուհու խոսքով` ավանդույթներին ծանոթանալուց հետո ցանկություն ունի իր հարսանիքն էլ ավանդական տարբերակով նշել:
«Հարսի շոր»-ի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, հարսի և փեսայի կերպարներում հանդես են եկել Եվան ու Ռոմանը, նկարահանվել են նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի չորս պարող ու երաժիշտներ:
Տեսահոլովակը պատրաստ կլինի մոտ երկու շաբաթից: