Մարտի 13-ին Գյումրիում նախատեսված ԱԺ պատգամավոր ու երգչուհի Շուշան Պետրոսյանի համերգը կհետաձգվի:
Այս մասին երգչուհին ասել է tert.am-ին:
«Թեպետ ինձ հայտնի է, որ տասներեք հոգի վաղը ցանկանում են խաղաղ ցույց անել: Բայց կարծում եմ, որ նման տրամադրությունների դեպքում բախումներն անխուսափելի են և որպեսզի իմ նկատմամբ անհիմն մեղադրանքների շարանը չավելանա ևս մեկով, կարծում եմ՝ հետաձգենք, մինչ մարդիկ ավելի խաղաղ տրամադրություններ կունենան»,- ասել է նա։
Շուշան Պետրոսյանը հայտարարել է, որ գյումրեցիների կողմից ազնիվ չէ, որ նրանք փող են վերցրել ու ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս հայտարարությունը դժգոհություն էր առաջացրել գյումրեցիների մոտ:
Երեկ հայտարարություն էր տարածել «Բարեւ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը, որում նշված էր, որ մարտի 13-ին, ժամը 18:00-ից սկսած նախաձեռնության անդամները հավաքվելու են Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնի մուտքի մոտ, բարեւեն ներկա քաղաքացիական անձանց, ոստիկաններին եւ մինչ համերգի սկիզբը՝ պատրաստելու են Գյումրի քաղաքին վերաբերող «խնդիրների գորգ»:
Քանի որ մամուլից տեղեկացել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղեկցող այցի մասին, ապա նախաձեռնության անդամները կոչ են անում բոլոր շահագրգիռ քաղաքացիներին՝ ներկա լինել ցուցահանդես-բողոք ակցիային եւ սեփական խնդիրը բարձրաձայնել:
Հաշվի առնելով ոստիկանների ներկայությունը ցուցահանդեսի եւ ողջ համերգի ընթացքում՝ խնդրում ենք ոստիկաններին՝ ներկայանալ առանց զենքերի եւ պատժիչ զրահատեսակների, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրելու եւ «Բարեւ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության կողմից կատարվող յուրաքանչյուր քայլ կատարվելու է խաղաղ՝ առանց հասարակական կարգի խանգարման: «Խնդիրների գորգով» ցույց են տալու Շուշան Պետրոսյանին՝ «բողոքելու տեղ չունեցող» հայրաքաղաքի օրեցօր ահագնացող խնդիրները եւ թե ինչու՞ նա պետք է ներողություն խնդրեր գյումրեցիներից եւ բոլոր ազատ քաղաքացիներից: