«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պարզաբանում է տարածել այսօր մամուլում տեղ գտած հրապարակման վերաբերյալ, ըստ որի, «Fly One» ավիաընկերության Երևան-Քիշնև չվերթի տասնյակ ուղևորներ ֆուտբոլիստների պատճառով մնացել են դրսում:
«Ի պատասխան մամուլում տեղ գտած ու իրականության հետ աղերս չունեցող հրապարակումների` տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիա» ՖԱ ընդհանուր հիմունքներով վաղօրոք ձեռք էր բերել հուլիսի 23-ի` Երևան-Քիշնև չվերթի տոմսերը։
Ակումբի անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել ու, ի վերջո, տևական ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև, որտեղ թիմը պիտի Հայաստանը ներկայացնի UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:
Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։
Խնդրում ենք զերծ մնալ «Արարատ-Արմենիա» ակումբի անունն ավելորդ անգամ շահարկելուց: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, միասին մենք կարող ենք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ ՍպուտնիկԱրմենիա տելեգրամյան ալիիքը գրել էր․ «Fly One ավիաընկերության Երևան-Քիշնև չվերթի տասնյակ ուղևորներ մնացել են դրսում. նրանց այսօր պարզապես թույլ չեն տվել ինքնաթիռ նստել, ինչի մասին @ArmeniaSputnik-ին պատմել է ուղևորներից մեկը
Պարզվել է, որ նրանց փոխարեն պետք է թռչեն «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։ Վերջին պահին ուղևորների մի մասի տեղերում նստացրել են մարզիկներին։ Նրանք այժմ պետք է սպասեն մինչև հաջորդ թռիչքը (հուլիսի 24-ին)։
FlyOne-ի աշխատակիցներն հաշվի չեն առել անգամ այն փաստը, որ ուղևորների թվում կան նույն ընտանիքի անդամներ. արդյունքում ոմանք թռել են, մյուսները՝ մնացել։
Քաղաքացիների, այդ թվում ՝ օտարերկրացիների վրդովմունքին, նրանց հարցերին, թե որտեղ են նրանք մնալու այս երեք օրը, աշխատակիցները միայն ուսերն են թոթվել։
Ավիաընկերության մարկետինգի բաժնից մեր զանգին ի պատասխան այս միջադեպը մեկնաբանեցին շատ յուրօրինակ կերպով՝ ասելով, որ եթե պաշտոնական տեղեկատվություն լինի, կտարածեն»: