▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության՝ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունը բուռն քննարկումների առիթ է տվել իշխանության ներսում։ Ոմանք ապշած են միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ստացած ձայներից՝ նա ոչ մի կողմ ձայն չի ստացել՝ 2 տարի արդարադատության փոխնախարար աշխատած, բազային լուրջ գիտելիքներ ունեցող Կիրակոսյանը զրո ձայն է ստացել, մինչդեռ ՔՊ-ում կարծում են, որ նրա եւ մյուս թեկնածուների մասնագիտական կարողություններն անհամեմատելի են։

Վարչության դիրքորոշումից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը միայն հլու հպատակներին է հանդուրժում, իսկ Կիրակոսյանը կարող էր նաեւ ընդվզել, օրինակ` միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու հարցում:

Վերջին շրջանում նրա եւ իշխանության մոտեցումների միջեւ լուրջ հակասություններ են առաջացել, նա անգամ մտադիր էր հրաժարական տալ, սակայն նրան համոզեցին` հետ բերեցին, որովհետեւ նման աշխատանքի ունակ մարդիկ ՔՊ-ում չկան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իր նկատմամբ վերաբերմունքից խոցված է նաեւ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, որին անձամբ Փաշինյանն էր առաջադրել:

Նման քաստինգ կազմակերպելը եւ հրապարակավ թեկնածուին նվաստացնելը փաշինյանական ոճի մեջ են: Պարզվեց, որ քիչ թե շատ հեղինակություն վայելող թեկնածուներին հավաքել են, որ 32-ամյա Գալյանի համար ժողովրդավար ընտրությունների ֆոն ապահովեն։ Սարգսյանի օգտին 3 ձայն է գրանցվել, Գագիկ Ջհանգիրյանին կողմ են քվեարկել Սասուն Միքայելյանը եւ Վաղարշակ Հակոբյանը»:

***

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազության դատախազները Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ վարչության նիստի տեսանյութի հրապարակումից են տեղեկացել, որ դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը արդարադատության նախարար է նշանակվում ու լքում է համակարգը։

Անգամ դատախազները ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել, որ Գալյանը կա՛մ վերջին պահին է իմացել, որ նախարարի թեկնածուներից մեկն է, կա՛մ նրանից պահանջել են չխոսել որեւէ մեկի հետ մինչեւ ՔՊ վարչության մոտ «քննություն» հանձնելը: Արդյունքում, Գալյանի հեռանալուց հետո, համակարգում սկսվել են խոսակցությունները, որ դեռեւս 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը առաջիկա օրերին պաշտոնից ազատման դիմում կգրի:

Բանն այն է, որ երբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստանձնեց իր լիազորությունները, համակարգում աշխատակիցները մեկը մյուսի հետեւից ազատման դիմումներ սկսեցին գրել, ու Վարդապետյանը ձեռնարկեց դատախազության համակարգը «ամրապնդել» իրեն հավատարիմ կադրերով, իսկ Գալյանն այդ ցուցակում չկար։ Այսպես նաեւ Աննա Վարդապետյանի նպատակներն իրականացան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին