▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապե’ք մաքուր ապրել

Վանքում վանականների միջև վեճ է ծագում մի հարցի շուրջ, չեն կարողանում լուծել, գնում են մոտակայքում ապրող մի Սրբի մոտ և խնդրում նրան այդ հարցին պատասխան տալ:

Պատմությունը այս էր. երկու մարդ կար, սրանցից մեկը քառասուն տարի ապրել էր մեղավոր կյանքով, ամեն տեսակ մեղքեր գործել, ինչքան չարություն կար կատարել և քառասուն տարվա վերջավորության զգացել էր, որ շատ սխալներ էր գործել: Մի գիշեր էլ որոշում է հաջորդ օրը ապաշխարել, վանք գնալ, ամբողջ մնացած կյանքը վանքում անցկացնել, մեղքերը քավել. սակայն նրա չար բախտից լույսը չբացված մեռնում է: Մյուսը՝ վանական էր, որ քառասուն տարի ճգնել էր վանքում, իր հավատը վառ պահել աղոթքով, ծոմապահությամբ էր անցկացրել իր կյանքը, սակայն քառասուն տարվա վերջավորության մտածում է, որ սխալ է գործել այսքան տարի ճգնելով, մնացյալ կյանքը ուզում է աշխարհի կյանքով ապրել, այն բոլոր մեղքերը, որոնք զսպել ու չէր գործել, գործի, բայց հակառակի պես այդ գիշեր լույսը չբացված նա էլ է մեռնում:

Վանականների հարցը Սրբին այս էր, թե մահվանից հետո ի՞նչ պիտի լիներ այս երկուսի վիճակը: Երբ այս հարցը տալիս ենք մարդկանց, նրանց պատասխանը սա է, թե մեղավորը դրախտ պիտի գնա ու փրկվի, իսկ վանականը՝ դժոխք ու պիտի կործանվի:

Հիմա նայեցեք, թե Սուրբը նրանց ի՞նչ է պատասխանում. մեղավորը կործանվելու է իր մեղքերի պատճառով, իսկ վանականը՝ փրկվելու է իր առաքինության մէջ:

-Ինչո՞ւ – հարցնում են վանականները:

Սուրբը ասում է.

- Որովհետև մեղավորը քառասուն տարի Աստծուն գիտեր, քանի անգամներ ասում էր, թե ես պիտի ապաշխարեմ, վանք պիտի գնամ, մեղքերս քավեմ, սակայն առավոտյան նույն կյանքը շարունակում էր: Իրեն առիթը տրվել էր, որպեսզի փաստի իր հավատը, բայց նա ցույց էր տվել, որ մեղավոր էլ պիտի մնա, ոչ մի փաստ չկար, որ նա առավոտյան պիտի արթնանար ու վանք գնար և իր մեղքերին թողություն ստանար: Իսկ վանականը փրկվելու է, որովհետև քառասուն տարի Աստծուն գիտեր, քանի անգամ ասել էր, որ պիտի լքեմ իմ կոչումը, աշխարհ պիտի վարադառնամ, մեղքեր պիտի գործեմ, բայց առավոտը արթնացել էր ու շարունակել մնալ վանքում, վճռել էր ու որոշել մնալ իր կոչումի մեջ:

Մեզ համար էլ նույնն է, մեր կյանքը, մեր հոգեկան աշխարհը շատ կարևոր են, բայց մենք պետք է իր կոչումի մեջ հավատարիմ վանականի պես այն դրսևորենք ու մեր հավատը գործի վերածենք, քանի ուշ չէ: Շտապե’ք, թե չէ մինչև որոշեք ու ձեր հավատը փորձեք գործի վերածել, այդ գիշեր կարող է մեռնեք և չհասցնեք, քանի որ ոչ մեկս չգիտենք թե…. Մաքուր ապրե’ք:


Տ.Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին