▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաքսի մեքենայից հայհոյել են ոստիկաններին, իսկ կանգնեցնելուց հետո դուրս են եկել ու հարվածներ հասցրել

2020թ. հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա, որի սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, նկատելով, որ ավտոմեքենայի սրահում գտնվող ուղեւորները դիմակ չեն կրում եւ խախտել են ՀՀ պարետի որոշումը, պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան` այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար:

Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից իջած երիտասարդներին:

Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով  հարվածելով ոստիկանության լեյտենանտի դեմքին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որից հետո վիճաբանություն եւ քաշքշուկ է սկսվել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները: Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղեւոր՝ Երեւան քաղաքի 17-ամյա բնակիչը, բռունցքով հարվածելով ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ  Երեւան քաղաքի անչափահաս բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:

Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին