▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանի և երևանցների միջև միջնորդներ հարկավոր չեն. Էդուարդ Շարմազանով

 

Lragir.am-ը գրում է, որ զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ղեկավարում է ՀՀԿ շտաբը Երեւանի ավագանու ընտրությանը

Պարոն Շարմազանով, Տարոն Մարգարյանը խուսափո՞ւմ է բանավեճ ենթադրող հաղորդումներից։ Կարելի՞ է ենթադրել, որ դա պայմանավորված է նրանով, որ գիտի, որ դիմացինն ավելի լավ հռետորաբանություն ունի։

Երևանի ավագանու ընտրությունները և Երևանի քաղաքապետի ընտրությունները հռետորաբանության, բարձր գոռալու, 60 վայրկյանում 120 բառ արտահայտելու մրցույթ չեն։ Երևանի ավագանու ընտրությունները Երևանի կառավարման, Երևանի առջև ծառացած խնդիրների, Երևանի  քաղաքային տնտեսության, Երևանի կանաչապատման, բարեկարգման, խնդիրների լուծման համար լավագույն ծրագրի և մենեջերի ընտրություն է։ Տարոն Մարգարյանը Երևանի գործող քաղաքապետն է, նա մեկ անգամ  ընտրվել է, նրան մեկ անգամ վստահության քվե են տվել, հիմա նա քարոզչության ընթացքում առավոտից մինչև 18.00-ն կատարելու է Երևանի քաղաքապետի պարտականությունները, իսկ դրանից հետո մի շարք հանդիպումներ պետք է ունենա վարչական շրջաններում։ Ոչ թե Տարոն Մարգարյանը, այլ մենք, նրա շտաբն է այդպես նախընտրել, որ քարոզչությունն իրականացնենք այդ ճանապարհով։

Երկրորդ՝ եթե մարդիկ կան, որոնք ցանկանում են բանավիճել, մեր ցուցակը մեծ է, 195 հոգանոց ցուցակ ունենք, հարկ եղած դեպքում կարող ենք այդ ցուցակից որևէ մեկին գործուղել կամ առաջարկել բանավիճել։ Երրորդ՝ յուրաքանչյուր քաղաքական թիմ ունի իր մարտավարություն ու ռազմավարությունը։ Մենք առաջնորդվում ենք մեր ռազմավարությամբ և մարտավարությամբ, և մենք անում ենք այն, ինչ որոշում է նախընտրական շտաբը։ Այս պահին նախընտրական շտաբը նման որոշում, նման քննարկում չունի։ Հիմա դա դուր է գալիս համապատասխան քաղաքական ուժերին, թե դուր չի գալիս, իրենց խնդիրն է։ Մենք չենք մրցում տանիքների վրա քայլելով, իրենց ձեռնոց չենք նետում։ Իրենք որոշել են տանիքների վրա քայլելով քարոզարշավ անցկացնել, էն մյուսը որոշել է Էրեբունի թանգարանում ասուլիս անել։ Լավ են անում, մենք բոլորին հաջողություն ենք մաղթում, մենք ունենք մեր քաղաքական օրակարգը և առաջ ենք գնում ոչ ընդդեմ «Ելք»-ի, ոչ էլ ընդդեմ «Երկիր Ծիրանիի»։ Մենք գնում ենք հանուն Երևանի և հանուն երևանացիների։ Տարոն Մարգարյանի և երևանցիների միջև միջնորդներ հարկավոր չեն։

Երևանցիները բողոքում են, որ քաղաքի խնդիրները մնացել են չլուծված՝ սկսած  տրանսպորտի խնդիրներից մինչև ճանապարհներ, բայց փոխարենը քաղաքը պճնվել է։ Նշվում է, որ Տարոն Մարգարյանն ավելի շատ դիմահարդարի գործառույթ է իրականացնում։

Միշտ էլ եղել են մարդիկ, միշտ էլ եղել են վերլուծաբաններ, որոնք անուն են կպցրել ամենալավ մենեջերին, ամենալավ քաղաքապետին։ Այդպես է դա, թե այդպես չէ, մայիսի 14-ին երևանցին իր քվեով կապացուցի։ Եթե հիշում եք, նախորդ ընտրությունների ժամանակ էլ քննադատության պակաս չկար, բայց մենք տեսանք, որ ժողովուրդը ձայն տվեց մեզ։ Լավագույն դատավորը, բոլոր հարցերին պատասխան տվողը հանրություն է։ Մենք չենք լսում և չենք էլ ցանկանում լսել նման գնահատականներ։ Չերչիլը մի լավ արտահայտություն ունի՝ եթե ես իմ բանուգործը թողնեմ ու տեսնեմ, թե աջ ու ձախ ով ինչ է ասում, ես երբեք  իմ նպատակին չեմ հասնի։ Դրա համար մենք ունենք հստակ ուղղվածություն, մենք գնում ենք հանուն Երևանի, հանուր երևանցիների, իրականացված աշխատանքով, որը կներկայացնենք երևանցիներին, և նաև հստակ նախընտրական ծրագրով։ Դատավորը բացառապես մայրաքաղաքի հասարակությունն է։ Երևանի հասարակությունը կորոշի՝ դիզայնե՞ր է, պճնո՞ղ է, թե իսկական քաղաքապետ է։ Ես համոզված եմ, որ կընտրի երրորդը՝ իսկական քաղաքապետին։

Ձեզ Երևանի տրանսպորտի վիճակը գոհացնո՞ւմ է։ Շատերն ասում են, որ այդպես էլ քաղաքակիրթ երկրին բնորոշ այդ կարևորագույն խնդիրը Հայաստանում չի լուծում։

Այն, որ մայրաքաղաքում կան բազում խնդիրներ, դա փաստ է, բայց այդ խնդիրները վերջին 4 տարիներին ոչ թե շատացել են, այլ քչացել։ Եվ քչացել են շնորհիվ գրագետ, պրոֆեսիոնալ, սրտացավ և բանիմաց կառավարման, որի գլխին եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ոչ մեկ Տարոն Մարգարյանից ավելի լավ չգիտի թերությունները, և ոչ ոք ավելի լավ չի պատկերացնում այդ թերությունների վերացումը։ Եթե որոշ հարգարժան գործիչներ նոր են փոսերը տեսնում կամ նոր սրտացավ դարձան Երևանի նկատմամբ, ապա դա մեր թեկնածուի մոտ արդեն տարիների գործընթաց է։ Եթե ամեն մեկն իրեն նեղություն տա և համեմատի 4 տարի առաջվա և այսօրվա Երևանը, կտեսնի, որ բոլոր ոլորտներում կա առաջընթաց։ Ինչու եմ այդպես համոզված ասում, որովհետև 4 տարի առաջ էլ եղել եմ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետը, հիշում եմ՝ ինչ խնդիրներ կային, ինչ խնդիրներ էինք մեր առջև դնում և հետո ինչի ենք հասել։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին