▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշյան դեպքերի ժամանակ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը հրամանատարներին եւ զինվորներին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը: Այն ուղղված է եղել հրամանատարներին և զինվորներին։

Մարտական կոչում ասված է հետևյալը.

«Ադրբեջանը, ոգեշնչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել ՀՀ հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով:

Մենք պետք է կռվենք և հաղթենք, քանզի խեղճերի արցունքներից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները: Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դեմ:

Ասվածի վառ ապացույցը Սարդարապատի, Բաշ-ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերն են, ազատագրված Արցախն ու փառապանծ Շուշին...

Մեր պայքարի անհագ ձգտումով և նախնյաց պատգամների խորը հավատով դարեր շարունակ ոսոխին ցույց ենք տվել մեր բազկի զորությունը, որն ապացուցեցինք նաև այսօր՝ Չինարիում, Մովսեսում, Այգեպարում... և բարձր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ավելացրինք հայոց ազգի ու հայ զորականի զենքի  փառքը:

Իսկ 3-րդ բանակային կորպուսի վարած  մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ:

Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիվն ու  մեր ժողովրդի ազատ  երկրում խաղաղ ապրելու իրավունքը:

Մենք այլևս դատապարտված ենք միայն հաղթելու: Ցույց տանք դավադիր ոսոխին մինչև վերջ կռվելու մեր վճռականությունն ու պատրաստակամությունը, որ նա այլևս չփորձի  հայացք նետել Հայաստանի և Արցախի ուղղությամբ:

Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ և պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կերտելու զինված ուժերի հաղթական ուղին՝ ի փառս հայ ժողովրդի:

Միասին առաջ դեպի հաղթանակ... Աստված մեզ զորավիգ ու պահապան...»,- զինվորներին է դիմել գեներալ-լեյտենանտը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին