Երեկ համացանց նետվեց մի տարօրինակ տեսահոլովակ, իբրև թե՝ նվիրված սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին: Youtube-ում տեսահոլովակի տակ գրված է հետևյալ տեքստը. ««Արթիսթս ֆոր Փիս»-ը և «Էֆ Էմ Էս Մեդիան» ներկայացնում են «Հանուն ավելի լավ աշխարհի» երգը, նվիրված հայ երաժշտության միջազգային դեսպան՝ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին:
Թայրոն Դոունին, Դեվոն Տ., Մալինա Մոյը, Անդրեն, Ալեքսիա Վասիլուն, Հասմիկ Կարապետյանը, Ռոզին, ՕՊ1-ը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Ավետ Բարսեղյանը և մի շարք այլ համաշխարհային և հայազգի աստղեր միացել են նախագծին՝ հարգանքի տուրք մատուցելու սիրված երգչուհուն»:
Այն, որ տեսահոլովակում հանդես եկող միայն մի քանի երգիչների անուններն ու ստեղծագործական կյանքն է հայ և ոչ հայ հանդիսատեսին որևէ բան ասում (դրանցից են՝ Մալինա Մոյը, Թայրոն Դոունին, Անդրեն, Ալեքսիա Վասիլուն, Հասմիկ Կարապետյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Ավետ Բարսեղյանը)՝ ակնհայտ է: Մնացած անունները որևէ մեկին՝ ոչ շոու-բիզնեսի տեղական, ոչ էլ միջազգային ներկայացուցիչներին, առավել ևս՝ հասարակությանը, որևէ բան չեն ասում:
Անկեղծ ասած, նույնիսկ փորձեցի ինտերնետ տարածքը՝ Youtube-ով հանդերձ, ոտքի տակ տալ, հասկանալու համար, թե ո՞վ է, ասենք, սևահեր հյուսքերով Devon T-ն, կամ, ասենք` OP1-ը, որին փնտրելիս՝ անհասկանալի բաներ էին հայտնվում: Ի դեպ, Devon T-ի անունը փնտրելիս՝ համացանցը մի քանի նյութեր էր բերում, որոնցում նա «երգում» էր հայազգի անուն-ազգանուններով մեկ-երկու ներկայացուցիչների հետ: Բայց դա էլ այդքան կարևոր չէ, քան այն, ինչ ներկայացված էր՝ ի հիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի:
Երգչուհի, ում արվեստի մասին հիացական խոսքեր են ասել Սթիվի Ուանդերը, Պիտեր Գաբրիելը, Պեդրո Էուստաչեն և այլ աշխարհահռչակ երաժիշտներ: Սթիվի Ուանդերը բեմում լսելով Ֆլորայի կենդանի կատարումը, խոստանում է նրա համար անձամբ երգ գրել: Պիտեր Գաբրիելը Երևանում լսելով Ֆլորայի կատարումը՝ հիանում է նրա յուրահատուկ ձայնով և խնդրում է իրեն փոխանցել երգչուհու ձայնասկավառակը: Պեդրո Էուստաչեն՝ լսելով Ֆլորայի մահվան լուրը, 168.am-ին է փոխանցում իր ցավակցական խոսքը: Այն է՝ «Մեծագույն արվեստագետների թվում, որոնց հետ ես երբևէ նվագել եմ, երգչուհի, արվեստագետ և երգի Դիցուհի Ֆլորա Մարտիրոսյանն առանձնանում է որպես հուշարձան: Նրա մաքուր, անկեղծ, հետևողական նվիրվածությունը արվեստին և զորավոր աննման ձայնը` եզակի, Աստծո տված պարգևը, աննկարագրելի էին։ Խորապես կապված լինելով իր արմատներին` հազարամյա հայկական ավանդույթներին, նրա ձայնը միևնույն ժամանակ ուներ տիեզերական ռեզոնանս, որ ազդում էր ամբողջ աշխարհի վրա…
Նա հնչում էր դուդուկի նման` իր բոլոր նրբերանգներով, արտահայտչականությամբ, որ միայն իր հանճարը կարող էր փոխանցել։ Դա տեխնիկայի սահմաններից դուրս էր։ Որքան խորը, նույնքան էլ խորհրդավոր, բայց աներևակայելի ներթափանցող և ուղիղ: Ես երբեք չէի լսել նրա ձայնի նման ձայն, և ես գիտեմ, որ կլսեմ միայն հավերժության մյուս կողմում։ Մեծ, ֆանտաստիկ, արտասովոր, աստվածային Դիցուհի, Flora jan: Մենք քո կարիքը հաստատ շատ ենք զգում»:
Հիմա կրկին վերադառնանք այս նոր տեսահոլովակին, որը ներկայացվում է՝ որպես հարգանքի տուրք սիրված երգչուհուն: Ամենացնցողն ինձ համար անհասկանալի, ռեփախառը այդ կալամբուրն էր, որը Ֆլորայի հետ կապ ուներ այնքանով, որ …ընդամենը օգտագործված էին Ֆլորայի լուսանկարները, համերգային գործունեությունից հատվածներ: Եվ, ամենագլխավորը, աղավաղված էր նրա հին երգերից մեկը, որի մասին Ֆլորան անձամբ ինձ և շատերին է պատմել, թե ինչպես էր հատկապես իր կյանքի վերջին ամիսներին նա ապրում այդ երգով և ինչպես էր ցանկանում այդ երգը նորովի ներկայացնել:
Այս խայտառակ տեսահոլովակում օգտագործվում է երգը՝ խոսքերը և երաժշտությունը աղճատված-փոփոխված: Տեսահոլովակի վերջին հատվածում կոլաժված էր Ֆլորայի՝ այդ երգի կատարումից մի հատված: Խոսքն «Ինչու ափսոսամ» երգի մասին է: Իր արխիվում նա վերագտնում է այդ երգը, որը տարիներ առաջ էր ձայնագրել: Ասում էր, որ երգի խոսքերը ժամանակին գրել է մի կին. դա այդ կնոջ միակ ստեղծագործությունն է եղել:
Վերջին մեկ տարվա տրամադրությունները Ֆլորային ստիպում են կրկին վերհիշել այդ երգը: Ասում էր, որ երգի խոսքերն ու մեղեդին իր կյանքի այս փուլում շատ լավ արտահայտում են իր հոգեվիճակը, ապրումները, տրամադրությունը: Նա նույնիսկ երգը՝ հին գործիքավորմամբ, ներառել էր իր նոր ձայնասկավառակի մեջ, որպեսզի թողարկեր այն: Իր բոլոր մտերիմներին փոխանցելով հին ձայնագրությունը, ասում էր՝ «Անպայման լսեք 11-րդ երգը՝ «Ինչո՞ւ ափսոսամ»-ը: Ժամանակին երգելով այն՝ այդպես խորը չեմ զգացել թե երաժշտությունը, թե խոսքերը: Հիմա՝ ոնց որ ես գրած լինեմ խոսքերը, ու դա այն ա, ինչ ուզում եմ աշխարհին ասել, հիմա ուրիշ ձևով եմ զգում նույն երգը»: Ասում էր, որ պատրաստվում է նոր գործիքավորմամբ և տեսահոլովակով ներկայացնել այն: Նույնիսկ պատկերացնում էր տեսահոլովակի տեսաշարը, իրեն՝ այդ տեսահոլովակի մեջ:
Չեմ կասկածում, որ այս «կալամբուրը» ստեղծողները ցանկացել են որևէ լավ բան անել Ֆլորայի հիշատակին: Բայց աղավաղել նրա այդ երգը՝ «Ֆլորա, Ֆլորա, Ֆլորա…» ռեփով և կլկլոցներ հիշեցնող անհասկանալի վոկալով՝ անթույլատրելի է: Նույնիսկ լավագույն մտադրությունների դեպքում: Առավել ևս, երբ շատերին էր հայտնի, թե այդ երգը Ֆլորայի համար ինչպիսի նոր իմաստավորում էր ստացել: Ամեն օր ապրում էր այդ երգով, այդ երգի խոսքերով:
Վաղուց ոչնչով չեմ ուրախանում,
Կյանքս արցունքի հովիտ է մի լայն,
Կատարյալ ոչինչ չկա աշխարհում,
Անէությունն է կատարյալ միայն:
Հույսերիս վերջին մոմերն են մարում
Ցուրտ մոխրի վրա ավերված սրտիս,
Տանուլ տվածս շահ եմ համարում
Եվ չեմ տարբերում գույժ ու ավետիս:
Ով ինչպես կուզի, դժոխքը՝ դրախտ,
Եվ անեծքը թող օրհնանք համարի,
Մեկ է, ես պիտի չքվեմ ու գնամ,
Աշխարհում թողնեմ իմ տեղն ամայի:
Դու, առ ու փախի, ավարի աշխարհ,
Խաբեության ու խավարի աշխարհ,
Հողի տակ է՞լ եմ ես դառնանալու,
Աշխարհ, դու ե՞րբ ես աշխարհ դառնալու…:
Ֆլորան, իհարկե, այլևս չի կարող ընդվզել, լսել և տեսնել, թե ինչպես աղճատվեց և խեղաթյուրվեց իր համար այդքան թանկ երգը, որն արտացոլում էր իր հոգու տրամադրություններն ամիսներ շարունակ: Իսկ հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինի աշխարհահռչակ Սթիվի Ուանդերի արձագանքը՝ լսելով այս տեսագրությունը: Նրան, անխոս, կպատմեն տեսանյութի մասին, որում օգտագործված են իր մասնակցությամբ կադրերը: Հուսանք, որ Սթիվիին չեն պատմի:
Հ.Գ. Ներկայացնում ենք «Ինչո՞ւ ափսոսամ» երգը՝ Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ:
Ինչպես նաև՝ օրերս պատրաստված և համացանցում տեղադրված անհասկանալի կոլաժը: Գնահատեք ինքներդ:
Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ.
Գրառումը` «168 ժամ» օրաթերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից: