Դեկտեմբերի 24-ին կայացավ «Մեր ժամանակների հերոսը - 2023» մրցանակաբաշխությունը, որի գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչը` գորիսեցի Սևադա Խոջաբաղյանը, իր շնորհակալական խոսքում ասել էր. «Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում... այս արարողությունը վկա, հերոսների ներկայությունը վկա։ Մենք իսկապես այս ձեւով առաջ ենք գնում՝ ի հեճուկս մեր թշնամիների, ովքեր ասում են, որ պետություն չենք դառնալու»: Այս խոսքերը մեծ աղմուկի տեղիք տվեցին, որն արդեն մարել է:
«Հրապարակ»-ն է գրում ու հավելում՝ որոշեցինք զրուցել «հերոսի» հետ, մի քանի հարց տալ նրան։
- Պարոն Խոջաբաղյան, շնորհավորում ենք մրցանակը ստանալու առիթով, իսկ ինչպե՞ս էիք հայտնվել իշխանությունների տեսադաշտում, ո՞վ էր Ձեզ ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։
- Երբ հեռուստատեսությամբ նայում էի «Մեր ժամանակների հերոսը» հաղորդումը, մտքովս չէր անցնում, որ մի օր ես էլ կստանամ մրցանակ։ Որևէ մեկը վարչապետին չի ասել, որ գոյություն ունի Խոջաբաղյան Սևադա, իմ մասին ֆիլմն են նայել ու ընտրել։
- Դուք արժանացաք քննադատությունների՝ Ձեր ելույթի համար, որտեղ ասում էիք՝ վերջապես պետություն ենք դառում։ Ի՞նչ նկատի ունեիք այդպես ասելով, մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիները Հայաստանը պետություն չի՞ եղել։
- Այո, շատ ճիշտ եմ ասել։ Ես սովորաբար համացանց չեմ մտնում և որևէ մեկի կարծիքը չեմ կարդում, ես աշխատող մարդ եմ, իսկ որոշ մարդիկ գործը թողած` գրում են սրա-նրա մասին, հայհոյում են կամ էլ՝ ծաղրում։ 10 տարի Քոչարյանը թագավորեց, հիմա Դուք գո՞հ եք իր թագավորությունից։ Երբ կային լիսկաներ, դա պետությո՞ւն էր։ Ամենավերին օղակներում թալանով էին զբաղվում, նույնը՝ Սերժի ժամանակ․ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը։ Ես դա նկատի ունեի՝ վերջապես թալանը կամաց-կամաց կտրվում ա։ Այդ ժամանակ մենք պետություն չենք ունեցել։
- Դուք հիմա Գորիսում եք ապրում, շատերի համար զարմանալի է՝ ինչպե՞ս ուսուցիչ Խոջաբաղյանը չի նկատում ադրբեջանցիներին` Սյունիքի հողում, Կապանում, Գորիսում։ Գորիսեցիները պատմում են, թե այն ժամանակ շատ եք նեղվել, երբ թուրքերը մտել են Սյունիք: Այս իշխանությունների օրոք հանձնվել է Արցախը, աղետալի պատերազմի հետևանքով զոհվել են հազարավոր զինվորներ, հաշմվել են տասնյակ հազարավոր երիտասարդներ։ Այս բոլորն ավելի լավ պետության մասի՞ն է խոսում։
- Ես չեմ ուզում խորանալ, Դուք արդեն սկսել եք ինձ քննել, ես բացատրեցի, թե ինչու եմ ասել՝ նոր-նոր սկսել ենք պետություն դառնալ։ Թուրքերը մտել են այն տարածք, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել, Հայաստանի տարածք չէ։ Օրինակ, Շուռնուխի ճանապարհի կեսը եղել է Ադրբեջանինը։
- Այսինքն՝ Ձեզ համար նորմա՞լ է, որ թուրքերը Սյունիքի մարզում են, ուզում եք ասել՝ իրենց հողո՞ւմ են։
- Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել։
- Այսինքն՝ Ձեզ մեր զոհերը, տարածքային կորուստները չեն վրդովեցնում։
- Պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնող` որոշ ծնողների նման, սարքի ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել։
- Նժդեհն ասում էր․ «Առանց Սյունիքի ու Արցախի, առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»: Արցախը հանձնվեց Ադրբեջանին, մի՞թե այդպես կարող ենք պետություն դառնալ։
- Նժդեհը ճիշտ էր ասում, հիմա էլ է Արցախը Հայաստանի դարպասը։ Ես այն կարծիքին եմ, որ Արցախը շուտով կվերականգնվի, մեզ շտապ պետք է հզորանալ` և ռազմականապես, և տնտեսապես։ Մարդիկ հայհոյելու փոխարեն թող գործ անեն, որ երկիրը հզորացնեն, որ Արցախն էլ մերը լինի։
- Լավ, իսկ կարծում եք՝ Դուք արժանի՞ էիք «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին։
- Այո, արժանի էի։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում