Թուրքիայի պաշտպանական տեխնոլոգիաների արտադրության (STM) ընկերությունը նախորդ շաբաթ մասնակցել է Բաքվում տեղի ունեցած ադրբեջանական պաշտպանական համակարգերի «ADEX 2016» միջազգային 2-րդ ցուցահանդես-տոնավաճառին:
Ըստ թուրքական «Takvim» լրատվամիջոցի` նշյալ ցուցահանդես-տոնավաճառից հետո լրագրողների հետ է զրուցել STM-ի գլխավոր տնօրեն Դավութ Յըլմազը: Վերջինս նշել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ծանոթացնել ռազմական նավաշինությունում իր ունեցած փորձին: Իրենք շատ լավ գիտեն, թե Ադրբեջանի ռազմածովային ուժերը ինչի կարիքը ունեն:
Պարզաբանել է, որ այժմ ադրբեջանական կողմը մեծ և փոքր ռազմական նավերի կարիք ունի: Յըլմազը, շեշտել է նաև, որ իրենք պատրաստ են աջակցել Ադրբեջանում կառուցված ռազմածովային բազայի արդիականացմանը: Ըստ Յըլմազի Թուրքիան Ադրբեջանին կարող է մատակարարել նաև «MİLGEM» տիպի կորվետներ (հետախուզական ռազմանավ):
Նշվում է, որ ադրբեջանական կողմի հետ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն 2.5 տարի: STM-ը Բաքվում տեղի ունեցած ցուցահանդեսին ներկայացրել է իր արտադրած արագընթաց ռազմական մոտորանավակներ և այլ կորվետներ, որոնք նախատեսված են Թուրքիայի զինված ուժերում (TSK) շահագործելու համար:
Տեղեկացնենք, որ MILGEM-ը դա առաջին ռազմանավն է, որը նախագծվել և կառուցվել է Թուրքիայի տեղական ընկերությունների կողմից։ Այդ նավը նախատեսված է ափամերձ հատվածները հսկելու, հետախուզական և հակաահաբեկչական գործողությունների, ինչպես նաև փրկարարական աշխատանքների համար։
Աղբյուր` Ermenihaber