Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերին Թուրքիայի կողմից իրականացվող ավիահարվածների վերաբերյալ: «Մենք լսել ենք Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքական ռազմաօդային ուժերի իրականացրած հարվածների մասին: Մենք չափազանց անհանգստացած ենք նրանից, թե ինչ է տեղի ունենում:
Ինչպես ես հասկանում եմ, խոսքը քրդերով բնակեցված շրջանների վրա օդային հարվածների մասին է»,-ասել է Լավրովը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեկ Աֆյոնքարահիսարում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Լավրովի հայտարարությանը` ասելով, որ Թուրքիայի գործողություններում մտահոգիչ ոչինչ չկա: «Կարևոր չէ, թե ով ինչ կասի ահաբեկչական կազմակերպությունների (նկատի ունի Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը-խմբ.) դեմ պայքարում: Մենք շարունակում ենք անել այն, ինչ արել ենք մեր սահմանների և երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- նկատել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի զինված ուժերը ԶՈւ-ի հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան 21:00-ից մինչև կեսգիշեր օդուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) զինված ուժերի` ԺՊՈՒ (Ժողովրդի պաշտպանության ուժեր-YPG)` Հալեպի հյուսիսում գտնվող դիրքերին: Ըստ թուրքական կողմի տվյալների` գործողության հետևանքով քրդերի շրջանում կա 160-200 զոհ: Ըստ BBC-ի թուրքական ծառայության` Լոնդոնում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունը, սակայն, հայտնել է 11 զոհի մասին:
Աղբյուր` Ermenihaber