Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ Կառավարության արտահերթ նիստին, թեժ վիճաբանություն տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի միջև:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ՝ կողմ չի քվեարկել պարտադիր կուտակային համակարգին, և այս դեպքում էլ դեմ է այն տարբերակին՝ հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է:
«Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր չե՞ն հասկանում, որ դա պարտադրված լուծում է»,- հարցադրում արեց վարչապետը: Ա.Մինասյանը նշեց, որ շատ ավելի լավ լուծում կարելի էր բերել:
Վարչապետը հիշեցրեց, որ իրենք գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում. «Մենք այստեղ կառավարության նիստում ենք, խորհրդարանական ընդդիմություն չենք: Այդ հարցերը, որ դուք բարձրացնում եք, մեր լիազորությունների տիրույթում են: Եթե դուք ասում եք՝ ունեք հարցեր, որոնց պատասխանը չգիտեք, այդ հարցերի պատասխանը գտնելը ձեր և մեր բոլորիս աշխատանքային պարտականությունն է: Եկեք շատ հստակ հասկանանք՝ հիմա մենք կամ այս թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, կամ չենք վերցնում»:
«Ես՝ որպես վարչապետ, և կառավարությունը՝ որպես կառավարություն, այս պատասխանատվությունը վերցնում ենք և համոզված ենք, որ սա քայլ է, որ պետք է լուծենք՝ առաջ գնալով, ոչ թե՝ հետ գնալով: Հիմա ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր այս պատասխանատվությունը չեն վերցնում, մեզ հետ չեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ որպես կոլեգիալ մարմին որոշումը ենթակա է կատարման, և ինքը կատարելու է: «Այլ կերպ չէր էլ կարող լինել, դուք դրանով որևէ մեկին լավություն չեք անում»,- նշեց վ արչապետը: Մինասյանը կրկնեց, որ ընդունելով հնչած դիրքորոշումը, ինքն ընդամենը ներկայացրել է իրենց մոտեցումը, բայց դա բացարձակ չի նշանակում, որ քննադատում է ներկայացված որոշումը: Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, որ, եթե ինքը կողմ քվեարկի, կնշանակի, որ կողմ է պարտադիրի ներդրմանը, և կնշանակի՝ դեմ դուրս գալ սեփական համոզմանը:
Ն.Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ է դեմ եղել դրան, երբ պատգամավոր էր, բայց հիմա կառավարության անդամ է, և պետք է հստակ գնահատել իրավիճակը, և եթե իրենք պատասխանատվություն են ստանձնում, ապա պատասխանատվություն են ստանձնում:
«Կներեք, ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների, և ես ուզում եմ, որ շատ հստակ լինի այս հարցում մեր բոլորի տեսակետը»,- հայտարարեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ հասկանալի է, որ կիսադիրքորոշումներով չի կարելի առաջ շարժվել, և կիսադիրքորոշումներից արվելու են հետևություններ: